13:31 | 21.04.09 | Նորություններ | 3103

Հայտարարվել է ՌԴ բուհերում սովորելու մրցույթ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում 2009-2010թթ. ուսումնական տարվա բուհական (99 կրթաթոշակ) եւ հետբուհական (10 կրթաթոշակ) կրթության մրցույթ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են նախարարության մամլո ծառայությունում, մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները, ինչպես նաեւ ավագ դասարաններում եւ կուրսերում սովորողերը, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն Կրթության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն` մինչեւ մայիսի 4-ը ներառյալ:

ՀՀ Կրթության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչության հասցեն է` ք. Երեւան, Կառավարական շենք թիվ 3, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռախոս` (+37410)  56 23 64: