16:47 | 09.04.09 | Նորություններ | 3781
Երեւան /Մեդիամաքս/. “Սինոփսիս-Արմենիա” ընկերությունը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը /ՀՊՃՀ/ համատեղ մշակել են բակալավրիատի քառամյա ծրագիր կիբերնետիկայի բաժնի ուսանողների համար` “Կիսահաղորդիչ ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա” մասնագիտությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր ասել է, որ ծրագիրը մեկնարկելու է 2009թ. սեպտեմբերին: Դրա առանձնահատկություներից մեկն այն է, որ ուսանողներն այդ ծրագրով սովորելու են առաջին կուրսից սկսած, իսկ բակալավրիատն ավարտելուց հետո կարող են տվյալ մասնագիտությամբ ուսուցումը շարունակել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում եւ “Սինոփսիս-Արմենիայի” հետ համատեղ ծրագրով:
“Սինոփսիս-Արմենիայի” գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն ասել է, որ ծրագրի նպատակն է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը գերմեծ ինտեգրալային սխեմաների նախագծման եւ էլեկտրոնային ավտոմատացման բնագավառում:
Նոր համատեղ ծրագիրը նախատեսում է “Սինոփսիսի” էլեկտրոնային նախագծման առաջատար ծրագրային գործիքների կիրառում ուսումնառության ողջ ընթացքում: