14:16 | 31.03.09 | Նորություններ | 3607
Երևան /Մեդիամաքս/. Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը չի կարող հավակնել բարձր տեղերի «ցանցային պատրաստվածության ցուցանիշի» տարեկան հաշվետվությունում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է IT ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում 134 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը «ցանցային պատրաստավածության ցուցանիշով» (Networked Readiness Index, NRI), որը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակը չափում է ըստ 67 չափանիշների:
Կարեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ «ցանցային պատրաստավածության ցուցանիշը» որոշելիս` ՀՏՖ-ն որոշ դեպքերում ղեկավարվել է հնացած տվյալներով:
«Այդ վարկանիշը կազմվում է բազմաթիվ ցուցանիշների հիման վրա, որոնց թվում նաեւ` ինտերնետից եւ բջջային կապից օգտվելու մակարդակը: Հայաստանի առումով այդ ցուցանիշը հաշվարկվել է 2005 թվականի տվյալների հիման վրա, երբ բջջային կապի թափանցելիության մակարդակն իրոք ցածր էր»,- նշել է Կարեն Վարդանյանը:
Միաժամանակ, նա նշել է, որ նույնիսկ ամենաթարմ տվյալների օգտագործման դեպքում Հայաստանը 100-րդ տեղից ավել չէր բարձրանա:
ՀՀ ցանցային պատրաստվածության ցածր մակարդակի հիմնական գործոնների թվում Կարեն Վարդանյանը նշել է նորաստեղծ IT ձեռնարկություններին անհրաժեշտ պետական աջակցության բացակայությունը, հարկային բեռը, ֆիքսված հեռախոսակապի ապահովման հետ կապված խնդիրները, գիտահետազոտական աշխատանքների անբավարար ծավալը եւ հասարակության ու բիզնեսի ոչ բավարար տեղեկացվածությունը IT օգտագործման առավելությունների մասին: