23:36 | 30.03.09 | Հարցազրույցներ | 4720

“Պարտադիր չէ ամեն անգամ նայել արեւին` համոզվելու համար, որ այն երկնակամարում է”

“Կոռնետ-ԱՄ” ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությանն ու Itel.am պորտալին

- Անցյալ տարվա ամռանը “Կոռնետ-ԱՄ”-ը հայտարարեց, որ ավարտել է WiMAX անլար լայնաշերտ հասանելիության /ԱԼՀ/ տեխնոլոգիայով ցանցի կառուցման առաջին փուլը: Որո՞նք էին ձեր ընկերության նվաճումներն այս ժամանակահատվածում:

- Ցանցի կառուցման գործընթացն անհնար է ավարտել, դա խորապես դինամիկ գործընթաց է: Նախորդ տարվա աշնանը WiMAX ԱԼՀ ցանցը հանձնվեց առեւտրային շահագործման, սակայն ինչպես եւ ցանկացած նորույթ (մասնավորապես, այդպիսին է WiMAX-ը), այն պահանջում է լրամշակում եւ մանրամասն կարգավորում, իսկ ամենակարեւորն այն է, որ նա պետք է իր արժանի տեղը գտնի այդ խմբի ծառայությունների շուկայում: Կարելի է ասել, որ ինչքան էլ դժվարին լինի այդ գործընթացը, “Կոռնետ-ԱՄ”-ի WiMAX ցանցն այսօր ՀՀ հեռահաղորդակցային ենթակառուցվածքի մի մասն է, եւ, ըստ իս, դա այս ընթացքում մեր ընկերության գլխավոր նվաճումն է: 

- Ներկայումս ինչպիսի՞ն է “Կոռնետ-ԱՄ”-ի WiMAX ցանցի ծածկույթը Երեւանում ու Հայաստանում, եւ որո՞նք են ընկերության ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը: Քանի՞ կայան է տեղադրվել եւ որքա՞ն է նախատեսվում ավելացնել դրանց թիվը:

- Ցանցի ծածկույթը մեր հիմնական հպարտությունն է: Քանի որ հեռահաղորդակցային ծառայությունների շուկան ազատականացված է, շուկայում հայտնվում են եւ հայտնվելու են ԱԼՀ տեխնոլոգիայով ծառայություններ առաջարկող բավականին մեծ թվով ընկերություններ, սակայն նրանցից ոչ մեկն իր վրա չի վերցնում ՀՀ մարզերում ծառայություններ մատուցելու հետ կապված ռիսկերը: 

“Կոռնետ-ԱՄ” ցանցն իրոք ազգային է, քանի որ դուք կարող եք հավասարապես օգտվել ցանցի հասանելիությունից ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ 18 խոշոր քաղաքներում: Դուք կարող եք աշխատել Երեւանի գրասենյակում, սեմինար անցկացնել Ծաղկաձորում, հանգստանալ Սեւանա լճի ափին` ոչ մի տարբերություն չզգալով օգտագործվող ծառայության մակարդակի եւ որակի առումով: Թվեք որեւէ այլ մի ընկերության անունն, որ կարող է պարծենալ դրանով:

Այդ բոլոր հնարավորություններն այսօր ապահովվում են 24 բազային կայանների միջոցով: Նոր բազային կայանների տեղադրման հեռանկարը կախված է մեր ընկերության նկատմամբ սպառողների լոյալությունից, ինչպես նաեւ պահանջարկի զարգացման մակարդակից այն մարզերում, որտեղ մենք դեռեւս ներկայացված չենք:

- Ներդրումների ի՞նչ ծավալ է իրականացվել ձեր ընկերության կողմից եւ ինչպիսի՞ք են ներդրումային ծրագրերը:

- Մենք արդեն ներդրել ենք ավելի քան $4,5 մլն, եւ այդ ներդրումը հնարավոր է դարձել միայն այն պատճառով, որ մենք “Комстар-ОТС” ԲԲԸ խոշորագույն հեռահաղորդակցային խմբի մի մասն ենք: Սակայն ես համախառն ներդրումներն ավելի բարձր կգնահատեի. ինչպե՞ս եւ ի՞նչ չափորոշիչով գնահատել ընկերության մասնագետների ավանդը, որոնք մեկ տարուց ավել զօրուգիշեր աշխատում էին այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Խոսելով ներդրումների մասին` մենք միշտ ի նկատի ենք առնում դրանց դրամային արտահայտությունը, սակայն, հավատացեք, անհնար է գնահատել առաջամարտիկ-մարդկանց ավանդը: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, կարող եմ ասել, որ խնդիրն ոչ թե ծավալն է, այլ` շուկայի առաջադրած նպատակները: Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ ենթադրվող ներդրումների ծավալը համարժեք կլինի այն խնդիրներին, որոնք դրվում են մեր առջեւ:

- Ի տարբերություն վերջերս իրենց մասին բարձրաձայնած մրցակիցների, որոնք եւս աշխատում են WiMAX տեխնոլոգիայով, “Կորնետ-ԱՄ”-ը վերջին ժամանակաշրջանում այնքան էլ ակտիվորեն չի գովազդում իրեն: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Բայց չէ՞ որ պարտադիր չէ ամեն անգամ նայել արեւին` համոզվելու համար, որ այն երկնակամարում է: Մենք հետեւողականորեն իրականացնում ենք մեր առջեւ դրված խնդիրները: Ես խորապես համոզված եմ, որ բարձրաձայնումն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ տեղի են ունենում որակական փոփոխություններ: Երբ “կրիտիկական զանգվածը” նվաճվի, այդ մասին դուք, բնականաբար, կիմանաք:

- Բացի WiMAX-ից, ինտերետ հասանելիության ո՞ր ուղղություններն են առաջնահերթ ձեր ընկերության համար:

- “Կոռնետ-ԱՄ”-ի համար առաջնահերթ են բոլոր ուղղությունները, որոնք առաջնահերթ են մեր ներկայիս եւ ապագա հաճախորդների համար: Ի դեպ, WiMAX-ը նախեւառաջ տրանսպորտ է, որով կարելի է ծառայությունը հասցնել հաճախորդին:

- Ձեր ընկերությունը ֆիքսված կապի ծառայությունների մատուցման նպատակով արդեն համարային տարողունակություն է ստացել ՀԾԿՀ-ից: Ե՞րբ եք նախատեսում ներգրավել առաջին բաժանորդներին եւ ի՞նչը պետք է նրանց ստիպի նախապատվությունը տալ ձեզ, այլ ոչ թե ֆիքսված կապի “վետերան” “ԱրմենՏել”-ին:

- Բաժանորդներ ներգրավելուց առաջ անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնք, իրենց առանձնահատկությունից ելնելով, “ծեծված” չեն, քանի որ բացակայում է դրանց լուծման փորձը, չկա գործընթացների միասնական ըմբռնում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք հեռահաղորակցային շուկայի բոլոր մասնակիցների հետ համատեղ, եւ որքան էլ բարդ լինի այդ գործընթացը, միեւնույն է, վաղ թե ուշ խնդիրները լուծվելու են, եւ այդ ժամանակ կարելի է սկսել շուկայում առաջարկությունների ձեւավորումը: Եվ վերջին հաշվով, ո՞վ է ասել, թե ինչ-որ բան հաճախորդներին պետք է “ստիպի” նախընտրել այս կամ այն ընկերությունը: Դուք կարծու՞մ եք, թե որեւէ մեկը “ստիպել է” մեր քաղաքացիներին ընտրություն կատարել հօգուտ այս կամ այն բջջային օպերատորի, երբ շուկայի այդ հատվածն ազատականացվում էր: Հավատացեք, ոչ մեկին պետք չէ եւ իմաստ էլ չունի ստիպել. սպառողն ինքը կկատարի իր ընտրությունը, եւ դա ճիշտ է, քանի որ հենց դա է մրցակցության իմաստը: 

- Տպավորություն է ստեղծվում, որ, չնայած տնտեսական ճգնաժամին, այս տարի ինտերնետի ոլորտը Հայասանում զարգանալու է բուռն տեմպով: Դուք համամի՞տ եք:

- Կան որոշակի բաներ, որ հատուկ են մարդկանց` անկախ մակրոտնտեսական կամ քաղաքական միտումներից ու իրավիճակից: Կասկած չկա, որ ինտերնետի շուկան զարգանալու է, բայց, միեւնույն է, ինձ թվում է, որ ճգնաժամն իր հետ որոշակի շտկումներ կբերի, եւ աճը այնքան էլ բուռն չի լինի, որքան մենք կցանկանայինք: Թեեւ, թող պարզվի, որ ես ամենամեծ հոռետեսն եմ…

- Ձեր ընկերության ո՞ր առավելությունները մրցունակ կմնան` չնայած աճող մրցակցությանը: Որո՞նք են ձեր հիմնական “ուժեղ կողմերը”, որոնք հասու չեն շուկայի մյուս մասնակիցներին: 

- Սկզբունքորեն վաղ թե ուշ “նույն քաշային կարգի” բոլոր ընկերությունները դուրս են գալիս մատուցվող ծառայությունների հատվածի եւ սակագնային քաղաքականության հաշվեկշռի որոշակի միանմանության մակարդակի: Ներկայումս մեր հիմնական առավելությունն այն տարածքներում ծառայություններ մատուցելն է, որտեղ ապրում է ՀՀ բնակչության ավելի քան 60%-ը, եւ մենք ձգտելու ենք ընդլայնել մեր ներկայությունը, որպեսզի բնակչության 40%-ն իրեն մոռացված չզգա: Մեր առավելությունը նաեւ այն վերաբերմունքն է, որը մենք ցուցաբերում ենք յուրաքանչյուր հաճախորդի ու նրա խնդիրների նկատմամբ: Կարծում եմ, ոչ բոլոր ընկերությունները կարող են պարծենալ հաճախորդների լոյալությամբ, որոնք “քեզ հետ են” ավելի քան 8 տարի: 

- Սովորաբար մրցակցության աճը հանգեցնում է գների իջեցման: Արդյո՞ք այդ պնդումը կիրառելի է ՀՀ ինտերնետ ծառայությունների այսօրվա շուկայի համար: Շտկվելու՞ է արդյոք ձեր ընկերության գնային քաղաքականությունը: 

- Այդ պնդումը ճիշտ է որոշակի առումով: Մրցակցային պայքարն իսկապես ազդում է գների վրա այն իմաստով, որ խթանում է գնագոյացման կառուցվածքի օպտիմալացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ, հետեւաբար, դա հանգեցնում է սակագների իջեցման: Մյուս կողմից, ցանկացած սակագին բաղկացած է մի քանի բաղադրիչներից, եւ ներկայումս ինքնարժեքի առյուծի բաժինը, օրինակ` ինտերնետային հասանելիության ծառայության դեպքում, միջազգային հասանելիության եւ կապուղիների գինն է: Գնագոյացման վրա շատ է ազդում նաեւ շուկայի ծավալը, իսկ դա արդեն տնտեսական գործոն է: Սակայն, ամեն դեպքում գներն իջնելու միտում ունեն, եւ, կարծում եմ, մինչեւ որոշակի մակարդակ այդ միտումը կպահպանվի:

- ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկան արդյո՞ք լավ է կարգավորվում օրենսդրությամբ: Կա՞ ավելի լավ կարգավորման անհրաժեշտություն:

- ՀՀ ինտերնետային ծառայություների շուկան ազատ շուկայական հարաբերությունների շուկա է: Կարծում եմ, որ դա իր հիանալի առավելությունն է, որը, մասնավորապես, ներդրողներին դրդում է երկրում բավականին հավակնոտ նախագծերի իրականացմանը: Ինձ թվում է, որ կարգավորող մարմիններն ընտրել են կետ առ կետ շտկումների խորը, կշռադատված քաղաքականություն, ինչը չափազանց կարեւոր է: Կարծում եմ, որ եթե գործընթացների ավելի խորը կարգավորման անհրաժեշտություն ծագի, իրավիճակը կշտկվի համարժեք օրենսդրությամբ:

- Վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել “МТС” կապի օպերատորի հետ “Комстар” մայր ընկերության հնարավոր միաձուլման մասին հրապարակումները: Հնարավո՞ր է նույնպիսի սցենար “Կոռնետի” եւ “Վիվասել-ՄՏՍ”-ի մասնակցությամբ:

- Ես միայն “Կոռնետ-ԱՄ”-ի գործադիր տնօրենն եմ: Այդպիսի հարցերն ավելի ճիշտ է ուղղել ընկերության բաժնետերերին: