14:57 | 12.01.09 | Նորություններ | 4164

Օպերատորները կարծում են, որ MNP հնարավոր ներդրումը պետք է հստակ կարգավորվի

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) եւ Vivacell-MTS բջջային օպերատորները ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանել են Հայաստանում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս հաճախորդներին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` պահպանելով իրենց բջջայինի ամբողջական համարը:

“MNP ներմուծումը պետք է կարգավորվի օրենքով եւ պարունակում է ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց տարրեր: Նախ, յուրաքանչյուր բջջային օպերատորի համար կարեւոր հարց է, թե ինչպե՞ս եւ ու՞մ կողմից է իրականացվելու համարների գրանցումը: MNP ներդրումը կապված է էական ծախսերի հետ եւ թեեւ կհանգեցնի ոչ գնային մրցակցության խստացմանը, սակայն կարող է ազդել ընկերությունների ծախսերի վրա եւ մեծացնել կոռուպցիոն ռիսկերը”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Beeline-ի մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը:

“ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես դրական է վերաբերում ցանկացած գործունեության, որը հավելյալ արժեք է ստեղծում բաժանորդի համար: Այնուամենայնիվ, MNP-ն պետք է ուղղակիորեն կարգավորվի նորմերով ու կանոնակարգերով: Օպերատորները, անկասկած, կձգտեն ավելի որակյալ սպասարկում իրականացնել: Ամենակարեւորը, սակայն, այն է, որ արդեն իրականացման փուլում պետք է ապահովվի կապիտալ եւ ընթացիկ ծախսերի, ինչպես նաեւ մրցակցության նորմերի պատշաճ վերահսկողություն: Հետեւաբար, նախքան ծառայությունը ներդնելը, ցանկալի է, որ կարգավորիչ մարմնի կողմից մշակվի ու ընդունվի MNP-ն կարգավորող հստակ օրենսդրություն: Իբրեւ օպերատոր` մեր ընկերությունը կգործի օրենսդրության համաձայն”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Vivacell-MTS-ի PR-մասնագետ Վահե Իսահակյանը:

Հունվարի 9-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ՀԾԿՀ-ն դիտարկում է երկրի տարածքում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս հաճախորդին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` միաժամանակ պահպանելով իր բջջայինի ամբողջական համարը:
Նա նշել էր, որ Եվրոպական փորձի եւ տեղական շուկայի առանձնահատկությունների ուսումնասիրման նախնական փուլն ավարտելուց հետո ՀԾԿՀ-ն կներկայացնի Հայաստանում Mobile Number Portability ծառայության հնարավոր ներդրման հետ կապված առաջարկները:
ՀԾԿՀ ներկայացուցիչը չէր նշել օպերատորների հետ այդ հարցի առարկայական քննարկման կոնկրետ ժամկետները, քանի որ MNP-ի ներդնումը ենթադրում է նրանց միջեւ փոխգործակցության հայեցակարգի մշակում: Գեւորգ Գեւորգյանը հայտնել էր, որ գործող օպերատորների հետ սկզբնական աշխատանքային քննարկումներ են անցկացվել, սակայն “մինչեւ ընկերություններին միլիոնավոր ներդրումներ պարտավորեցնելը ՀԾԿՀ-ն պետք է մանրակրկիտ վերլուծություն կատարի եւ համապատասխան հիմնավորումներ ունենա”: