16:34 | 23.09.26 | Նորություններ | 130

Աշխարհի նոր ԱԲ հանգույցը. Դիջիթեք 2026-ը կմիավորի գլոբալ ՏՏ առաջնորդներին

Նոյեմբերի 20-22-ին «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո արդեն 21-րդ անգամ կանցկացվի Դիջիթեք 2026 միջոցառումը, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ներդրողների եւ քաղաքականություն մշակողների՝ NVIDIA-ի, Firebird AI-ի եւ Krisp-ի գործընկերությամբ:

Դիջիթեքն կմիավորի ոլորտի կարեւորագույն խաղացողներին մեկ վայրում՝ հնարավորություն տալով ձեւավորելու գործարար կապեր, համագործակցություններ եւ նոր հավակնոտ նախագծեր։ 

«Digitec-ը համայնքի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառում է, որը ԱՏՁՄ-ն կազմակերպում է արդեն 21-րդ անգամ։ Այս տարի մենք անում ենք հաջորդ քայլը եւ բացում ենք Digitec-ն աշխարհի առջեւ, որպեսզի մեր ընկերությունները ձեռք բերեն աճի համար անհրաժեշտ միջազգային գործընկերություններ։ Digitec-ն ունի նաեւ սոցիալական առաքելություն։ Միջոցառման եկամուտների մի մասն ուղղվում է «Արմաթ» աշխատանոցներին՝ ԱՏՁՄ-ի կրթական ծրագրին, որը ինժեներական կրթությունը հասանելի է դարձնում Հայաստանի ավելի քան 17 000 երեխայի»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։

Արմեն Քոչարյանը Արմեն Քոչարյանը
photo © UATE


«Հայաստանն այսօր ունի պատմական հնարավորություն. իր բացառիկ տեխնոլոգիական տաղանդի ու արագորեն ընդլայնվող ԱԲ ենթակառուցվածքի շնորհիվ այն դարձել է կարեւոր հանգույց ԱԲ համաշխարհային քարտեզի վրա եւ շատ բան ունի առաջարկելու աշխարհին արհեստական բանականության ոլորտում։ Նպատակ ունենալով բազմապատկել այս ազդեցությունը՝ Դիջիթեք 2026-ը  դառնում է առաջնակարգ ԱԲ միջոցառում՝ Հայաստանում միավորելով տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների եւ ներդրողների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ծոցի երկրներից եւ Կենտրոնական Ասիայից»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

Էդիտա Ղազարյանը Էդիտա Ղազարյանը
photo © UATE


Դիջիթեք 2026-ը կմիավորի շուրջ 100 գլոբալ բանախոսի․ հիմնական զեկույցներն ու պանելային քննարկումները տեղի կունենան 600 հանդիսականի համար նախատեսված գլխավոր սրահում, իսկ 150 տեղանոց ընդլայնված DigiHub սրահը կտրամադրվի առավել մասնագիտական՝ «ինժեներները ինժեներների համար» ուղղությանը: Դիջիթեք 2026-ի ծրագրի մաս կկազմի նաեւ OpenTalks.AI-ը՝ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտի միջազգային ճանաչված ձեւաչափը՝ իր ավելի քան 5000 մասնագետների համայնքով։

Հաստատված բանախոսների շարքում են Ռեւ Լեբարեդյանը (Փոխնախագահ, NVIDIA), Ադրիան Մաքդոլանդը (Նախագահ, EMEA, Dell), Ռաջիվ Ջայարամանը (Փոխնախագահ, Microchip Technology), Ալի Աղան (Համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Field AI), Սուրեն Հարությունյանը (Compute-ի ղեկավար, OpenAI), Ժելկո Ռելիչը (Գործադիր փոխնախագահ, CTO, Align Technology), Անտոն Ռեպուշկոն (Հետազոտությունների ղեկավար, Revolut), Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը (Կորպորատիվ տեխնոլոգիաների տնօրեն, AWS, նախկին CTO, CPO), Րաֆֆի Կրիկորյանը (CTO, Mozilla, նախկինում՝ Twitter, Uber), Ռոդ Սոլայմանին (Տարածաշրջանային քաղաքականության եւ գործընկերությունների ղեկավար, OpenAI), Ջեք Մաքքոլին (Համահիմնադիր, Oculus VR) եւ այլք։ Խոսնակների թարմացվող ցանկը հասանելի է Դիջիթեքի պաշտոնական կայքում։ 
 

photo © UATE


NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը հիմնական զեկույցով հանդես կգա Դիջիթեքի գլխավոր բեմում, ինչպես նաեւ կունենա առանձին ԱԲ տեխնիկական ելույթ DigiHub-ում։

«Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականություն ամբողջ աշխարհի համար։ NVIDIA-ի տեխնոլոգիաներով կառուցված արհեստական բանականության ենթակառուցվածքները Հայաստանի հետազոտողներին եւ ձեռներեցներին հիմք են տալիս ստեղծելու նոր տեխնոլոգիաներ, ընկերություններ եւ ճյուղեր։ Դիջիթեքը մեկ վայրում է հավաքում ստեղծարարների, ներդրողների եւ համաշխարհային գործընկերների՝ այս հիմքը արհեստական բանականության տնտեսության վերածելու համար»,- ասել է Ռեւ Լեբարեդյանը։ 

Ռեւ Լեբարեդյանը Ռեւ Լեբարեդյանը
photo © UATE


Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման առաջատար Firebird AI-ը միացել է Դիջիթեքին որպես գլխավոր գործընկեր։ Firebird AI արհեստական բանականության տվյալների կենտրոնը մինչեւ 2027թ. ավարտը նախատեսում է Հայաստանը դարձնել հաշվողական ռեսուրսների ծավալով աշխարհի 10 ընկերություններից մեկը։ 

«Դիջիթեքը մեր տեխնոլոգիական ոլորտի ամենակարեւոր միջոցառումն է, որի մասին խոսում են արդյունքները։ Firebird-ի հիմնադրման գործում այն եւս շատ կարեւոր դեր է ունեցել, քանի որ նախագծի գաղափարի ձեւավորման շուրջ առաջին քննարկումները մեր գործընկերների հետ տեղի են ունեցել հենց Դիջիթեքի շրջանակում, 2024թ.։ Այժմ մենք ունենք շատ ավելի մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, ինչի շնորհիվ Դիջիթեքում տեսնելու ենք միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, որը նոր համագործակցություններ եւ նախագծեր սկսելու հնարավորություն է հայաստանյան ընկերությունների համար»,-նշել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ 

Ալեքսանդր Եսայանը Ալեքսանդր Եսայանը
photo © UATE


Ձայնային ԱԲ տեխնոլոգիաների Krisp ընկերությունը՝ համաշխարհային ասպարեզում արհեստական բանականության ոլորտի հայաստանյան ամենաճանաչված ընկերություններից մեկը, միանում է Դիջիթեքին որպես գլխավոր գործընկեր։ 

«Դիջիթեքը նախկինում եղել է Հայաստանի ցուցադրությունն ինքն իրեն։ Այս տարի այն Հայաստանի ցուցադրությունն է աշխարհին։ 100,000 GPU-ներով, NVIDIA-ի եւ Firebird-ի մասնակցությամբ՝ Հայաստանը դառնում է արհեստական բանականության հանգույց Եվրոպայի, Ծոցի երկրների եւ Կենտրոնական Ասիայի միջեւ, վայր, որտեղ հնարավոր է ստեղծել եւ թողարկել մոդելներ։ Krisp-ը Երեւանում ստեղծում է առաջատար մոդելներ եւ մատակարարում այն միլիոնավոր օգտատերերի ամբողջ աշխարհում։ Հիմա մենք ունենք նաեւ ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան նույնն անել հարյուրավոր այլ ընկերությունների»,- հավելել է Krisp ընկերության համահիմնադիր ու նախագահ Արտավազդ Մինասյանը։ 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը
photo © UATE


ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարությունը միացել է Դիջիթեքին՝ վերահաստատելով պետության հանձնառությունը՝ Հայաստանը դիրքավորելու ԱԲ համաշխարհային քարտեզում:

«Արդեն 21-րդ անգամ անցկացվող Դիջիթեքի այս տարվա խորագիրը՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը», պարզապես միջոցառման թեմատիկ ձեւակերպում չէ։ Այն ուղերձ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի եւ այս համատեքստում մեր երկրի հավակնությունների մասին։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն ապահովել Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը, այլեւ այդ հետաքրքրությունը վերածել կոնկրետ եւ երկարաժամկետ արդյունքների: Վստահ եմ, որ Դիջիթեք 2026-ը դառնալու է կարեւոր հարթակ՝ Հայաստանի տեխնոլոգիական եւ արհեստական բանականության էկոհամակարգի միջազգային դիրքավորման, նոր գործընկերությունների ձեւավորման եւ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը համաշխարհային շուկային ներկայացնելու համար»,- ասել է նախարար Դավիթ Թադեւոսյանը:

Դավիթ Թադեւոսյանը Դավիթ Թադեւոսյանը
photo © UATE


Picsart-ը եւ Netris-ը միացել են Դիջիթեք 2026-ին որպես ռազմավարական գործընկերներ։ Միջոցառման գործընկերներն են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, EU4Innovation East-ը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), PMI Science-ը եւ Team ընկերությունների խումբը։ 

Դիջիթեք 2026-ի գլխավոր կոմերցիոն հարթակը ցուցահանդեսն է, որն ընդգրկելու է ավելի քան 100 կայացած ընկերությունների եւ շուրջ 80 ստարտափների։ Գործարար կապեր եւ համագործակցություններ ձեւավորելու համար գործելու է հատուկ B2B հատված, իսկ Digitec-ի բջջային հավելվածն օգնելու է նշանակել հանդիպումներ հիմնադիրների, ներդրողների եւ ընկերությունների ներկայացուցիչների միջեւ։ 

Միջոցառման օրերին BANA Angels-ի կողմից իրականացվելու է ներդրողների շրջայց, իսկ Startup Arena հարթակում ստարտափները ներդրողներին ներկայացնելու են իրենց գաղափարները։ Դիջիթեքն ընդգրկելու է նաեւ բազմաթիվ այլ ոլորտային միջոցառումներ եւ հավաքներ, ինչպես նաեւ ԱրմՌոբոտիքս ինքնավար ռոբոտների ամենամյա առաջնությունը։ 

Պաշտոնական գրանցումը բաց է այցելուների, պատվիրակությունների, ընկերությունների եւ մամուլի համար։ Դիջիթեք համաժողովի տոմսերը հասանելի են digitec.am կայքում։