YerevaNN-ը Codeex-ի օգնությամբ կատարել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի հետազոտություն եւ հրապարակել զեկույց, որտեղ ներկայացվում են AI հետազոտական խմբերը, կրթական ծրագրերը, ընկերությունները, մասնագիտական համայնքն ու հաշվողական ենթակառուցվածքները։
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում քարտեզագրվել է 23 ակտիվ AI հետազոտական խումբ, որոնց գործունեության շրջանակում նշվում է 103 հրապարակում։ Միաժամանակ, AI ոլորտում ուսումնասիրվել է 114 կազմակերպություն՝ ներառյալ AI արտադրանք ստեղծող ընկերությունները, խորհրդատվական եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու ավելի լայն բիզնեսների ներսում գործող AI թիմերը։
Հայաստանում դեռեւս չկա մեկ գերիշխող AI մասնագիտացում։ Փոխարենը ձեւավորվել են մի քանի միջին չափի, փոխկապակցվող ուղղություններ։ Հետազոտությունն առանձնացնում է ձայնային եւ խոսքային տեխնոլոգիաները, փաստաթղթերի ինտելեկտուալ մշակումը եւ կենսաբանական գիտությունները։ Միաժամանակ զարգանում է Ֆիզիկական արհեստական բանականությունը (physical AI)՝ ռոբոտաշինության, ինքնավար համակարգերի, համակարգչային տեսողության եւ ներկառուցված համակարգերի ուղղություններով։
AI կրթությունն ունի լայն ընդգրկում, սակայն այստեղ նույնպես հիմնական խնդիրը ոչ թե ուսանողների պակասն է, այլ առաջադեմ հետազոտական կարողությունների սահմանափակ լինելը։ Հայաստանում, ըստ զեկույցի, դեռ չկա AI-ին կամ մեքենայական ուսուցմանը նվիրված առանձին բարձրորակ PhD ծրագիր, իսկ NeurIPS-ի մակարդակի հետազոտություններ ղեկավարելու կայուն փորձ ունեցող մասնագետների թիվը սահմանափակ է։
Միեւնույն ժամանակ, AI-ի համար անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է։ YerevaNN-ը հաշվարկել է գործող 6736 GPU՝ Երեւանի պետական համալսարանի, Eleveight AI-ի եւ Firebird AI-ի ենթակառուցվածքներում։ Հետազոտության հեղինակները, սակայն, ընդգծում են, որ GPU-ների քանակն ինքնին չի նշանակում, որ այդ ռեսուրսն արդյունավետորեն օգտագործվում է Հայաստանում։ Կարեւոր ցուցանիշներ են նաեւ տեղական օգտատերերի հասանելիությունը, արժեքը, տեխնիկական աջակցությունը եւ դրանց արդյունքում ստեղծվող հետազոտական ու բիզնես արդյունքները։
Հետազոտությունը դրական է գնահատում պետության դերը՝ նշելով, որ կառավարությունը ֆինանսավորում է AI հետազոտությունները, հանրային հաշվողական ենթակառուցվածքը, դպրոցական ծրագրերը, աջակցում է ոլորտի ընկերություններին եւ սկսել է AI կիրառել հանրային ծառայություններում։ Միաժամանակ, առկա ֆինանսավորումն ու համակարգումը դեռ բավարար չեն համաշխարհային մակարդակի խոշոր հետազոտական լաբորատորիաներ եւ երկարաժամկետ ծրագրեր պահպանելու համար։
YerevaNN-ի ընդհանուր գնահատմամբ՝ Հայաստանն արդեն ունի AI էկոհամակարգի հիմնական բոլոր բաղադրիչները, սակայն դրանք դեռ ամբողջությամբ չեն միավորվել մեկ ուժեղ համակարգի մեջ։ Հետազոտության հեղինակները առաջնահերթ են համարում նոր AI լաբորատորիաների ստեղծումն ու գործող ուժեղ խմբերի ընդլայնումը, որպեսզի կրթությունը կապվի առաջատար հետազոտության, GPU ենթակառուցվածքը՝ գիտության եւ արտադրանքի, իսկ միջազգային կապերը՝ Հայաստանում կայուն հետազոտական ինստիտուտների ձեւավորման հետ։
Հետազոտությունը նաեւ առանձնացնում է physical AI-ը որպես Հայաստանի հնարավոր տարբերակիչ ուղղություն․ ռոբոտաշինության, ինքնավար եւ ներկառուցված համակարգերի ու AI ենթակառուցվածքների շուրջ արդեն ձեւավորվում է փոքր, բայց աճող կլաստեր, որը, ըստ հեղինակների, կարող է դառնալ Հայաստանի համար համաշխարհային մրցունակության ուղղություն։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։