11:15 | 10.08.26 | Նորություններ | 226

Պաշտոնապես բացվել է Firebird AI գործարանը

Կայացել է «Firebird AI»-ի եւ համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացմումը ։

Բացմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության եւ թվային զարգացման նախարար Ժասլան Մադիեւը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը եւ Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը, դիվանագետներ եւ այլք:

«Երկար ժամանակ մենք Կառավարությունում հրապարակային եւ ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը եւ երբ նախորդ տարի Ռեւ Լեբարեդյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսայանը պատմում էին մեկ տարվա, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ պետք է խոստովանել, որ դա շատ տարօրինակ էր հնչում եւ անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով: Եվ ահա այսօր մենք այստեղ ենք՝ ճշգրիտ պայմանավորված տեղում եւ ժամին:

Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել այսօրվա համար, բայց շատ կարեւոր է այսօրվա իրադարձության տրամադրությունը, որովհետեւ ես հասկացա, որ մենք այսօր ավելի շատ խոսում ենք ապագայի, վաղվա մասին՝ հպարտ լինելով նրա համար, ինչն արդեն տեղի է ունեցել», -նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գործարանը Հայաստանում ստեղծվող առաջադեմ արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման եւ գործարկման, ինչպես նաեւ մեծածավալ եւ բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։ Հրազդանի մերձակայքում՝ շուրջ 200,000 քառակուսի մետր տարածքում, տեղակայված ԱԲ գործարանի առաջին փուլը նախատեսվում է համալրել ավելի քան 6,000 NVIDIA Blackwell GPU-ներով եւ շուրջ 18 ՄՎտ հզորությամբ։ 

Մեգանախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար։ Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է էականորեն ընդլայնել ենթակառուցվածքի հաշվարկային հզորությունները՝ այն համալրելով նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով եւ ձեւավորելով զարգացող շուկաներում առաջադեմ ԱԲ հաշվարկային հզորությունների խոշորագույն կլաստերներից մեկը։ 

Երկրորդ փուլում ընդհանուր ներդրումները կհասնեն ավելի քան 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքը կհամալրվի շուրջ 50,000 նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով՝ ձեւավորելով զարգացող շուկաներում աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ պրոցեսորների խոշորագույն կլաստերը։ Այն հնարավոր է դարձել ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 չիպերի արտահանման արտոնագրի տրամադրումից հետո։ 

Արդեն հաստատված ընդլայնման երրորդ փուլը նախատեսվում է ավարտել մինչեւ 2027 թ. վերջ։ Դրա արդյունքում ԱԲ գործարանի ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել ավելի քան 100,000 NVIDIA Blackwell եւ Vera Rubin GPU-ի, իսկ հարթակի ընդհանուր հզորությունը՝ ավելի քան 400 ՄՎտ-ի։ 

Արդյունքում՝ նախագիծը կարող է դասվել Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների եւ աշխարհի նշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։ Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100 մշտական աշխատատեղ, իսկ երկրորդ փուլում աշխատակիցների թիվը նախատեսվում է հասցնել մինչեւ 300-ի։ 

2026 թ. ապրիլի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Firebird AI» ընկերության միջեւ ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր, որի համաձայն՝ պետությունը նախատեսում է ձեռք բերել 25 մլն ԱՄՆ դոլար արժեքով համապատասխան հաշվողական ռեսուրսներ։ 

Ծրագրի շրջանակում ձեռք բերվող ռեսուրսները նախատեսվում է տրամադրել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, հետազոտողներին, գիտնականներին, գիտահետազոտական եւ կրթական հաստատություններին, ինչպես նաեւ ստարտափներին։