17:08 | 06.08.26 | Նորություններ | 1089

LunarTech-ի ու SeleneX-ի հիմնադիրը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթեւիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռուբեն Սիմոնյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ 

Տաթեւիկ Ասլանյանը տվյալագիտության, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտների մասնագետ է՝ միջազգային տեխնոլոգիական ընկերություններում եւ ստարտափներում աշխատանքի բազմամյա փորձով։ 

Նա եղել է LunarTech-ի հիմնադիրը եւ գլխավոր տնօրենը, ինչպես նաեւ առողջապահական արհեստական բանականության լուծումներ մշակող SeleneX ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրեն։

Տաթեւիկ Ասլանյանը աշխատել է նաեւ կանադական Arcurve եւ հոլանդական RELX ընկերություններում՝ որպես մեքենայական ուսուցման հետազոտող, որտեղ ղեկավարել եւ իրականացրել է գեներատիվ AI-ի, բնական լեզվի մշակման (NLP), որոնողական եւ առաջարկող համակարգերի, տվյալների վերլուծության ու մեքենայական ուսուցման նախագծեր։

Տաթեւիկ Ասլանյանը նաեւ դասավանդել է Նիդեռլանդներում՝ վիճակագրություն, էկոնոմետրիկա եւ մաթեմատիկա։