Netflix-ը հայտնել է, որ 587 միլիոն դոլար կանխիկ վճարել է դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքի համահիմնադրած InterPositive ստարտափը ձեռք բերելու համար։
Netflix-ը գործարքի մասին հայտարարել էր դեռ մարտին։ Այդ ժամանակ Աֆլեքը նշել էր, որ ցանկանում է «պաշտպանել մարդկային ստեղծարարության ուժը»։ Նրա խոսքով՝ InterPositive-ի AI գործիքներն օգնում են կինոգործիչներին հետարտադրության (post-production) փուլում բարելավել տեսանյութերը՝ հատկապես լուծելով իրական նկարահանումների ընթացքում առաջացած խնդիրները, օրինակ՝ բացակայող կադրերը, ֆոնի փոխարինումը կամ սխալ լուսավորությունը։
Գործարքի հայտարարության պահին Netflix-ը հայտնել էր, որ InterPositive-ի ամբողջ թիմը կմիանա ընկերությանը, իսկ Բեն Աֆլեքը կստանձնի ավագ խորհրդատուի պաշտոնը։ Սակայն ֆինանսական պայմանները չէին հրապարակվել։ Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ գործարքի արժեքը կարող էր հասնել մինչեւ 600 միլիոն դոլարի։
Netflix-ը նաեւ իր վերջին ֆինանսական հաշվետվությունում նշել է, որ արդեն մոտ 300 ֆիլմ եւ սերիալ ստեղծելիս կիրառվել են գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիաներ։