13:54 | 16.07.26 | Նորություններ | 143
Կիսահաղորդչային եւ էլեկտրոնային նախագծման ծրագրային ապահովման (EDA) ոլորտի համաշխարհային առաջատար Cadence-ը հայտարարել է, որ Ausdia ընկերության առաջատար TimeVision ժամանակային սահմանափակումների (timing constraints) կառավարման լուծումն արդեն պաշտոնապես դարձել է Cadence-ի արտադրանքների պորտֆելի մաս։
Cadence-ի այս ձեռքբերումը կարեւոր է նաեւ Հայաստանի համար։ Ausdia-ն տարիներ շարունակ ինժեներական թիմ է ունեցել Հայաստանում, եւ ընկերության հիմնադիր Աթուլ Բհագաթը ձեռքբերումից հետո նշել էր, որ հաջորդ փուլում TimeVision-ի զարգացումը շարունակվելու է արդեն Cadence-ի կազմում՝ Հայաստանի թիմի մասնակցությամբ նույնպես։
«Cadence-ի կողմից Ausdia-ի վերջերս իրականացված ձեռքբերումից հետո Cadence-ն այժմ նաեւ ինժեներական ներկայություն ունի Հայաստանում՝ ավելի ամրապնդելով երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերությունում։
Այսօր Հայաստանում ինժեներական թիմեր կամ խոշոր գործունեություն են ծավալում կիսահաղորդչային եւ EDA ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մի քանիսը, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA (Siemens Digital Industries Software), Cadence, NVIDIA, AMD, Microchip Technology, NI (National Instruments), Broadcom եւ Cisco։
Միաժամանակ հայկական նորարարական ընկերությունները, ինչպիսիք են Grovf, Inttegral Solutions եւ Varaga Solutions LLC, նպաստում են էկոհամակարգի զարգացմանը՝ ընդլայնելով տեղական կարողությունները եւ ստեղծելով նոր հնարավորություններ նորարարության ու ձեռներեցության համար։
3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային ոլորտի առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը ձեւավորել է միջազգայնորեն ճանաչված էկոհամակարգ՝ չիպերի նախագծման, EDA-ի, AI հաշվարկների (AI computing), ներդրված համակարգերի (embedded systems) եւ բարձր արտադրողականությամբ ինժեներական լուծումների ոլորտներում։
Յուրաքանչյուր նոր ներդրում ընդլայնում է հնարավորությունները հայ ինժեներների համար եւ եւս մեկ անգամ հաստատում վստահությունը հայկական տաղանդի նկատմամբ»,- իր LinkedIn-ի էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։