14:43 | 15.06.26 | Նորություններ | 180

Firebird-ը եւ Ղազախստանի կառավարությունը կհամագործակցեն

Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին:

Դրանք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների եւ համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

Քննարկումներն ու համագործակցության համաձայնագրերի ստորագրումը տեղի են ունեցել Աստանայում՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի, NVIDIA-ի Omniverse եւ Simulation Technology փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանի, Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի եւ Ալեքսանդր Եսայանի, Ղազախստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ երկրի առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համագործակցությունը հիմք է ստեղծում արհեստական բանականության ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական համակարգերի, ամպային տեխնոլոգիաների, գիտահետազոտական նախաձեռնությունների եւ թվային տնտեսության զարգացման ոլորտներում հետագա համագործակցության համար։ Այն աջակցում է Ղազախստանի նպատակին՝ ամրապնդելու իր դիրքերը որպես Կենտրոնական Եվրասիայի առաջատար տեխնոլոգիական եւ նորարարական կենտրոններից մեկը։

Համաձայնագրերի ստորագրումը հաջորդում է այս տարվա ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպմանը, որի ընթացքում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, NVIDIA-ի Global AI Infrastructure Growth ուղղության փոխնախագահ Նիկո Կապրեզը եւ Firebird-ի համահիմնադիրները քննարկել էին հաջորդ սերնդի խոշոր հաշվողական հարթակների նախագծման, կառուցման եւ շահագործման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

«Այն երկրները, որոնք այսօր ներդրումներ են կատարում առաջադեմ AI հաշվարկային կարողությունների, տաղանդների զարգացման եւ նորարարական էկոհամակարգերի ձեւավորման մեջ, վաղը ձեւավորելու են համաշխարհային տնտեսության հնարավորությունները։ Firebird-ը համատեղում է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ապացուցված փորձը, ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական լուծումները, գլոբալ AI էկոհամակարգի առանցքային գործընկերների հետ սերտ համագործակցությունը եւ լայնածավալ AI ենթակառուցվածքային նախագծերն անվտանգ եւ բացառիկ արագությամբ իրականացնելու կարողությունը։ Մենք հպարտ ենք աջակցելու Ղազախստանի տեսլականին եւ պատրաստ ենք նպաստելու երկրի երկարաժամկետ ազգային AI կարողությունների ձեւավորմանը»,- նշել է Ռազմիկ Հովակիմյանը։

«Արհեստական բանականությունը դառնում է համաշխարհային տնտեսության նոր հիմնարար ենթակառուցվածքը։ Սեփական AI լուծումներ ստեղծելու համար առանձին թվային արտադրանքները բավարար չեն. անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, որը ներառում է էներգետիկ ռեսուրսներ, ժամանակակից տվյալների կենտրոններ, հաշվողական հզորություններ, տվյալներ եւ առաջատար տեխնոլոգիաների հասանելիություն։ Ղազախստանը հետեւողականորեն ձեւավորում է այդ հիմքը։ Մեր նպատակն է երկրի ենթակառուցվածքային առավելությունները վերածելու տնտեսական աճի երկարաժամկետ շարժիչ ուժի եւ ամրապնդելու երկրի դիրքը որպես Եվրասիայի առանցքային թվային հանգույցներից մեկը»,- նշել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արհեստական բանականության եւ թվային զարգացման նախարար Ժասլան Մադիեւն իր հերթին։

Firebird-ն այժմ ավարտին է հասցնում Հայաստանում իր առաջատար AI Factory նախագծի առաջին փուլը, որի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Նախագիծը շինարարության մեկնարկից մինչեւ սարքավորումների տեղակայմանը պատրաստ վիճակի հասցնելը իրականացվել է ընդամենը վեց ամսից մի փոքր ավելի ժամանակահատվածում՝ դառնալով աշխարհում իր տեսակի մեջ ամենաարագ իրականացված AI ենթակառուցվածքային նախագծերից մեկը։

Firebird-ի հաստատված եռափուլ ընդլայնման ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2027 թվականի ավարտը կենտրոնը նախատեսվում է հագեցնել՝ ներառելով ավելի քան 100,000 NVIDIA Blackwell եւ Vera Rubin GPU-ներով, ինչի արդյունքում հայաստանյան AI մեգանախագիծը կդառնա աշխարհի խոշորագույն AI հաշվողական հարթակներից մեկը։