12:00 | 10.06.26 | Նորություններ | 295
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն եւ ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
Firebird-ի տվյալների կենտրոնը, որն արդեն անցել է կառուցման եւ սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ, դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը տարածաշրջանում: Նման մասշտաբի ենթակառուցվածքների արդյունավետ եւ անխափան աշխատանքն անհնար է պատկերացնել առանց գերհուսալի եւ բարձր թողունակությամբ կապի համակարգերի:
«Տարիների ընթացքում շարունակական ներդրումների արդյունքում Team Telecom Armenia-ն տարածաշրջանի մասշտաբով դարձել է կոմունիկացիաների եզակի հանգույց։ Մենք այսօր Հայաստանից դուրս 4 ուղղությամբ դիվերսիֆիկացված կապուղիներ ունենք, ինչը լիարժեքորեն համապատասխանում է դատա կենտրոնների կառուցման համար միջազգային չափանիշներին։ Team-ի ենթակառուցվածքը դառնում է մեգանախագծի թվային ողնաշարը՝ Հայաստանում գործարկվող ԱԲ գործարանը կապելով համաշխարհային թվային էկոհամակարգի հետ եւ ապահովելով տվյալների արագ, անվտանգ եւ անխափան փոխանցում»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Բարսեղյանը:
Team Telecom Armenia-ն նախագծի համար ապահովում է մինչեւ 1 Տերաբիթ/վայրկյան թողունակությամբ կապ՝ պահանջարկի աճին համընթաց հետագա ընդլայնման զգալի հնարավորությամբ: Ընկերության հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցը հնարավորություն է տալիս սպասարկելու արհեստական բանականության եւ բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտի ամենապահանջկոտ ենթակառուցվածքները՝ ապահովելով տվյալների գերարագ փոխանցում եւ միջազգային կապուղիների բարձր հուսալիություն:
ԱԲ մեգակենտրոնի կառուցման աշխատանքներում ներգրավված են նաեւ Team ընկերությունների խմբի Team Construct, Team Systems եւ Team Energy ընկերությունները:
Firebird-ի առաջին փուլում տվյալների կենտրոնում կգործի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն մինչեւ 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվարկային հզորություն: Հետագա ընդլայնման փուլերում նախատեսվում է ենթակառուցվածքի բազմակի աճ, ինչի համար կարեւոր նշանակություն ունի նաեւ համապատասխան հեռահաղորդակցական միջավայրի առկայությունը: