12:39 | 04.06.26 | Նորություններ | 215
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում:
Այն համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների եւ մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի եւ տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարեւորությանը, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացման եւ անվտանգության միջեւ հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։
Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլեւ անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների եւ պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի եւ տվյալների պաշտպանվածությունը։
«Ucom-ում մենք կիբերանվտանգությունը դիտարկում ենք որպես մեր ցանցերի եւ ծառայությունների զարգացման անբաժանելի մաս։ Այսօր այն միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն դարձել է բիզնեսի կայունության, հաճախորդների վստահության եւ ազգային դիմակայունության կարեւոր բաղադրիչ։ Թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց անվտանգ եւ հուսալի կապի ենթակառուցվածքների», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք մեկնարկում ենք RISE նախաձեռնությունը, որը Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունն ու ռազմարդյունաբերությունը։ Սա համագործակցության հարթակ է, որտեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների եւ գործնական լուծումների։ Մեր նպատակն է համախմբել գիտական եւ ինժեներական ներուժը՝ նպաստելով նոր արտադրանքի ստեղծմանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը», - ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների եւ բազմաթիվ գործընկերների առաջարկությունների հիման վրա, Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ ավելացել է նոր RISE միջոցառումը, որն անցկացվեց «Մենք ենք մեր սարերը. Վերելք» կարգախոսի ներքո։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաեւ արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ամպային լուծումների եւ փոխկապակցված համակարգերի զարգացման հետ կապված նոր հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաեւ մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության կարեւորությունը՝ կիբերսպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար։
Ucom-ը՝ որպես միջոցառման տեխնոլոգիական գործընկեր, ապահովել է համաժողովի հուսալի կապն ու թվային ենթակառուցվածքը՝ նպաստելով մասնակիցների միջեւ անխափան հաղորդակցությանը եւ միջոցառման արդյունավետ անցկացմանը: