12:59 | 03.06.26 | Նորություններ | 236
Աստանայում կայացել է 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի շրջանակում կազմակերպվել է ԵԱՏՄ անդամ պետությունների թվային ձեռքբերումների եւ տեխնոլոգիական նորարարությունների ցուցահանդեսը։
ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացրել են թվայնացման եւ արհեստական բանականության ոլորտում իրականացվող առաջատար նախագծերն ու լուծումները։
«Հայաստան» տաղավարում ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը՝ ներկայացնելով «Պատասխանատու ԱԲ» խորագրով շնորհանդեսը։ Նա անդրադարձել է Հայաստանի կողմից արհեստական բանականության պատասխանատու զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը, ոլորտի զարգացման ռազմավարական տեսլականին, ինչպես նաեւ ներկայացրել նախարարության կարեւորագույն նախաձեռնություններից մեկը՝ «ԱԲ վիրտուալ ինստիտուտ» հարթակը։
Ներկայացվել են նաեւ եվրասիական տնտեսական ինտեգրմանը նպաստող թվային գործիքներ եւ լուծումներ, ներառյալ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները, որը հանդիսանում է միության թվային ինտեգրման տեխնոլոգիական հիմքերից մեկը։