Հայաստանում եւ Վրաստանում ամփոփվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնած WIN4Education տարածաշրջանային ծրագիրը։
Վեց ամիս շարունակ Հայաստանից եւ Վրաստանից ծրագրում ներգրավված ավելի քան 200 մարզաբնակ կին եւ երիտասարդ անցել է ԳՏՃՄ կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող կարողությունների զարգացման եւ մենտորության անվճար ծրագիր՝ բացահայտելով իրենց կրթական փորձառությունը նորարարական գաղափարների վերածելու ներուժը։
Ծրագրի հայաստանյան փուլը պաշտոնապես ամփոփվել է մայիսի 23-ին՝ ԵՊՀ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) անցկացված «Լավագույն գաղափար» եզրափակիչ մրցույթով։
«Այս փուլին հասած յուրաքանչյուր մասնակից արդեն հաղթող է, քանի որ ամենամեծ նվաճումն այստեղ այն աճը, ինքնավստահությունն ու հավատն է, որ նրանք ձեռք են բերել՝ տեսնելով այն ազդեցությունն ու փոփոխությունը, որ կարող են բերել իրենց գաղափարները իրենց համայնքում ու կյանքում»,- նշել է WIN4Education ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը։
Ծրագրի առաջին փուլում Հայաստանից եւ Վրաստանից ավելի քան 100-ական մասնակից անցել է ինտենսիվ վերապատրաստումներ՝ զարգացնելով բիզնես հաղորդակցության, առաջնորդության, պրոդուկտ դիզայնի, ֆոնդահայթայթման եւ կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման գործնական հմտություններ։
WIN4Education-ն իրականացել է Հայաստանում՝ «Դասավանդի'ր հանուն Հայաստանի», իսկ Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ։
««Դասավանդի'ր հանուն Հայասատանի»-ի եւ «Կայծ» ինկուբատորի համար WIN4Education-ին մասնակցելը նպատակային քայլ էր՝ օգնելու մեր ուսուցիչ-առաջնորդներին ու շրջանավարտներին ձեռք բերած փորձառությունը վերածել կայուն սոցիալական ձեռներեցության: 6-ամսյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին բացառիկ նվիրվածություն, մոտիվացիա եւ հետեւողականություն»,- նշել է «Դասավանդի'ր հանուն Հայաստանի» շրջանավարտների ներգրավման ղեկավար Արմինե Գեւորգյանը։
Նա հավելել է, որ ծրագրի ավարտին իրականացված հարցման արդյունքները եւս վկայում են մասնակիցների բարձր ներգրավվածության մասին․ նրանց 91%-ը պահպանել է ակտիվ մասնակցությունը մինչեւ վերջին շաբաթը, իսկ 72%-ը վստահեցրել է, որ պատրաստ է գործնականում կիրառել ծրագրի ընթացքում ձեռք բերած ձեռնարկատիրական գիտելիքներն ու գործիքները։
Մրցույթին նախորդել էր 2-ամսյա մենտորական փուլ, որում ներգրավված 54 մասնակից ձեւավորել են 19 թիմ եւ մենտորների աջակցությամբ զարգացրել իրենց գաղափարները՝ առաջարկելով գործնական լուծումներ ոլորտային մարտահրավերներին։
Նախագծերը գնահատող ժյուրիի կազմում են եղել Անի Օգանեսյանը (Plug and Play Tech Center), Աննա Գեւորգյանը (Startup Grind Yerevan), Իրինա Ղազարյանը (Doctor Yan) եւ Կառնի Քյուշկերյանը (Հայաստանում կանանց հիմնադրամ)։
Նախագծերի լսումից հետո ժյուրիի կողմից առանձնացված լավագույն հինգ թիմերն արժանացել են դրամական մրցանակների․ Nexus, AR Garden եւ Lullie թիմերը ստացել են 500․000-ական դրամ, Koli թիմը՝ 1․000․000 դրամ, իսկ գլխավոր մրցանակակիր ճանաչված AssistED-ը՝ 1․500․000 դրամ։
«WIN4Education-ը մեզ տվեց ոչ միայն փորձառություն, այլեւ վստահություն, որ մենք կարող ենք իրագործել մեր գաղափարները։ Այսօր արդեն պատրաստ ենք մեր համայնքներում կիրառել ձեռք բերած հմտություններն ու առաջնորդական կարողությունները՝ նպաստելով կրթության ոլորտում իրական փոփոխությունների»,- նշել է AssistED թիմի ներկայացուցիչ, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինե Պողոսյանը։
Մրցանակային ֆոնդը համաֆինանսավորվել է Հայաստանում կանանց հիմնադրամի եւ «Դասավանդի'ր հանուն Հայաստանի» կողմից։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։
Ծրագրի վրաստանյան փուլն ամփոփվել է մայիսի 25-ին։
WIN4Education-ն իրականացվել է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության, Helvetas-ի եւ Help – Hilfe zur Selbsthilfe-ի աջակցությամբ իրականացվող RECONOMY ծրագրի շրջանակում։