14:02 | 15.05.26 | Նորություններ | 286
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայ դպրոցականների համար բացում է արհեստական բանականության ոլորտում աշխարհի ամենամրցունակ միջազգային օլիմպիադաներից մեկի՝ IOAI-ի դռները։
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի օլիմպիադայի ազգային փուլը՝ բաց ՀՀ բոլոր մարզերից մինչեւ 20 տարեկան դպրոցականների համար։ Լավագույն արդյունքը գրանցած աշակերտները կձեւավորեն Հայաստանի ազգային թիմը եւ հնարավորություն կունենան ներկայացնել երկիրն օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային մրցապայքարում։
«Օլիմպիադան ամենամեծերից է աշխարհում եւ մեկ հարկի տակ է միավորելու 126 երկրից լավագույն տաղանդներին։ Սա շատ լավ հնարավորություն է աշակերտների համար զարգացնելու արհեստական բանականության ոլորտի իրենց գիտելիքները, փորձի փոխանակում ունենալու այլ երկրներից իրենց հասակակիցների հետ, մրցելու ու աճելու միջազգային մակարդակում»,-նշել է FAST-ում օլիմպիադայի աշխատանքների համակարգող Ավագ Սայանը։
«Արհեստական բանականությունը դառնում է նույնքան հիմնարար ոլորտ, որքան՝ ժամանակին ֆիզիկան կամ ինֆորմատիկան։ Օլիմպիադան հնարավորություն է տալիս դպրոցականներին միավորելու մաթեմատիկական մտածողությունը, ծրագրավորումը եւ իրական խնդիրների վերլուծությունը՝ ձեւավորելով հետաքրքրված եւ բարձր պատրաստվածությամբ աշակերտների համայնք, որոնք մաս են դառնում համաշխարհային գիտատեխնոլոգիական կյանքին»,-նշել է հանձնաժողովի անդամ Սմբատ Գոգյանը։
IOAI-ի հայաստանյան հաղթողները որոշվելու են երեք փուլի՝ ինքնագնահատման, որակավորման եւ ազգային եզրափակչի արդյունքում։ Մասնակիցների գրանցումն արդեն բաց է եւ կտեւի մինչեւ մայիսի 26-ը։ Դիմելու պահին մասնակիցը չպետք է հանդիսանա բուհի ուսանող։
Առաջին՝ ինքնագնահատման փուլը կկայանա հունիսի 1-ին։ Ազգային փուլի հաղթողները մեկամսյա նախապատրաստական դասընթացներ են անցնելու մասնագետների հետ օգոստոսին Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։