Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) խորհրդի որոշմամբ` հունիսի 1-ից միության ղեկը Սարգիս Կարապետյանից կփոխանցվի ԱՏՁՄ փոխտնօրեն Էդիտա Ղազարյանին, ով կստանձնի միության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
Միության գործադիր մարմնի ղեկավարության փոփոխության գործընթացի մեկնարկի վերաբերյալ գրառում է կատարել ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։
«Սարգիս Կարապետյանը մեծ աշխատանք է կատարել համայնքի համախմբման եւ միության զարգացման ուղղությամբ։ Նրա ղեկավարության ընթացքում ԱՏՁՄ-ն անցել է զարգացման նոր փուլ՝ ամրապնդելով իր դերը տեխնոլոգիական համայնքում եւ ընդլայնելով գործունեության շրջանակը։ Հատկանշական է, որ նրա պաշտոնավարման ընթացքում ԱՏՁՄ անդամակցությունը շուրջ երեք անգամ ավելացել է, ինչը կազմակերպության նկատմամբ վստահության եւ համատեղ աշխատանքի կարեւոր ցուցիչ է։
Էդիտա Ղազարյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը, Խորհրդի որոշմամբ հունիսի 1-ից կստանձնի միության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
Էդիտան երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության եւ համայնքային ծրագրերի ակտիվ մասնակից, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում եւ համայնքի հետ ձեւավորված վստահելի հարաբերություններ։
Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին այս պատասխանատու փուլում եւ վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնական եւ կայուն անցումը դեպի զարգացման հաջորդ փուլ»,- գրել է Արմեն Քոչարյանը։