13:26 | 05.12.25 | Նորություններ | 53
Warner Bros․-ը բացառիկ բանակցություններ է սկսել իր կինոստուդիաները եւ HBO Max հոսքային ծառայությունը Netflix-ին վաճառելու համար։
Գործարքի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին։
Bloomberg-ը հաղորդում է, որ համաձայնագիրը կարող է հանգեցնել «տեկտոնական» փոփոխությունների ժամանցի ոլորտում՝ միավորելով գերիշխող հոսքային ծառայությունը Հոլիվուդի ամենահին ստուդիաներից մեկի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Netflix-ը Warner Bros.-ին առաջարկում է 28 դոլար մեկ բաժնետոմսի համար։
Եթե բանակցությունները շարունակվեն, գործարքը կարող է ավարտվել առաջիկա օրերին։ Այն Netflix-ին կտա բացառիկ վերահսկողություն «բարձրակարգ մտավոր սեփականության» նկատմամբ, այդ թվում՝ «Հարրի Փոթեր» ֆրանշիզայի, «Ընկերներ», «Գահերի խաղը» եւ «Սոպրանոները» շոուների։
Netflix-ը նաեւ Warner Bros.-ին առաջարկել է 5 միլիարդ դոլար փոխհատուցում, եթե կարգավորող մարմինները չհաստատեն գործարքը։ CNBC-ի փոխանցմամբ՝ Paramount-ը մեղադրել է ստուդիային իր ակտիվները վաճառելու «անարդար» գործընթաց օգտագործելու եւ Netflix-ին նախապատվություն տալու մեջ։
Հոկտեմբերին Warner Bros.-ը մերժել է Paramount-ի մոտ 60 միլիարդ դոլարի առաջարկը։
Bloomberg-ը նշում է, որ ավանդական հեռուստատեսային բիզնեսն անկման մեջ է, քանի որ հեռուստադիտողներն անցնում են հոսքային հեռարձակման։ Անցյալ եռամսյակում Warner Bros.-ի եկամուտը նվազել է 23%-ով՝ բաժանորդների հոսքի եւ գովազդատուների հետաքրքրության նվազման ֆոնին։