OpenAI-ը գործարկել է նոր մոդելների ընտանիք՝ GPT-4.1 անվանումով։
Գոյություն ունեն GPT-4.1, GPT-4.1 mini եւ GPT-4.1 nano մոդելները, որոնք, ըստ OpenAI-ի, գերազանց են ինչպես կոդավորման, այնպես էլ հրահանգների հետեւելու գործում։
Դրանք հասանելի են OpenAI-ի API-ով, սակայն ոչ ChatGPT-ով։ Այս մուլտիմոդալ մոդելներն ունեն 1 միլիոն թոքեն համատեքստային պատուհան, ինչը նշանակում է, որ դրանք կարող են միանգամից մուտքագրել մոտ 750,000 բառ (ավելի երկար, քան «Պատերազմ եւ խաղաղություն» ստեղծագործությունը)։
GPT-4.1-ի թողարկումը տեղի է ունենում, երբ OpenAI-ի մրցակիցներ Google-ը եւ Anthropic-ը ակտիվացնում են բարդ ծրագրավորման մոդելներ ստեղծելու ջանքերը, գրում է TechCrunch-ը։
Google-ի վերջերս թողարկած Gemini 2.5 Pro մոդելն էլ ունի 1 միլիոն թոքեն համատեքստային պատուհան եւ բարձր արդյունքներ է ցույց տալիս կոդավորման հայտնի չափանիշներում։ Նույնը վերաբերում է Anthropic-ի Claude 3.7 Sonnet-ին եւ չինական DeepSeek ընկերության վերամշակված V3 մոդելին։
Շատ տեխնոլոգիական հսկաների, այդ թվում՝ OpenAI-ի նպատակը AI կոդավորման մոդելներ պատրաստելն է, որոնք ունակ կլինեն իրականացնել բարդ ծրագրային ինժեներական առաջադրանքներ։ Ինչպես OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայերը նշել է Լոնդոնում կայացած տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ընկերության մեծ տեսլականը «ծրագրավորող գործակալի» ստեղծումն է։ Ընկերությունը պնդում է, որ իր ապագա մոդելները կկարողանան զրոյից մինչեւ վերջ ծրագրել ամբողջական հավելվածներ՝ ներառյալ որակի վերահսկումը, սխալների ստուգումը եւ փաստաթղթագրումը։
GPT-4.1-ը այդ ուղղությամբ հերթական քայլն է։ OpenAI-ը պնդում է, որ GPT-4.1-ի ամբողջական մոդելը գերազանցում է GPT-4o եւ GPT-4o mini մոդելներին կոդավորման չափանիշներում, այդ թվում SWE-bench-ում։ Ասվում է, որ GPT-4.1 mini-ն եւ nano-ն ավելի արդյունավետ եւ արագ են, սակայն փոքր ճշգրտության գնով։ GPT-4.1 nano-ն համարվում է ամենաարագն ու ամենաէժանը։
GPT-4.1-ի արժեքն է $2՝ մեկ միլիոն մուտքային թոքենի համար եւ $8՝ մեկ միլիոն ելքային թոքենի համար։ GPT-4.1 mini-ն արժե $0.40՝ մուտքային եւ $1.60՝ ելքային թոքենների համար, իսկ nano-ն՝ համապատասխանաբար $0.10 եւ $0.40։