17:52 | 28.03.25 | Նորություններ | 815

    «Ներուժ 6.0» ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչեւ մայիսի 30-ը։

    «Արդեն 6-րդ անգամ ենք ծրագիրն իրականացնում։ Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգում ենք՝ հնարավորություն տալով մեր սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել։ Այս ընթացքում որոշակի զանգեր, նամակներ են եղել այն մասին, որ դեռեւս չեն հասցնում իրենց ստարտափները հավուր պատշաճի կազմել ու ներկայացնել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք, որ հայտերի ընդունման ժամկետը երկարաձգենք»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։

    Ծրագրին կարող են ներկայացվել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայ է: Ծրագրի կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը եւ նախքան ծրագրին դիմելը կազմավորված թիմ ունենալը:

    Ծրագիրը 2 փուլով է անցնում։ Նախ առաջնային գնահատում է տեղի ունենում, որից հետո ժյուրիի կողմից ընտրված ստարտափները հրավիրվում են Հայաստան։ 5-օրյա միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալ բացառիկ անհատական մենտորություն, ներկայացնել ու զարգացնել իրենց բիզնես գաղափարը, ինչպես նաեւ՝ ստանալ դրամաշնորհ բիզնես նախաձեռնությունների իրագործման համար։

    «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-28-ը:

    «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին հնարավոր է դիմել այստեղ: