10:18 | 20.03.25 | Նորություններ | 949

Team-ը եւ Ericsson-ը կնքել են ռազմավարական համագործակցության հուշագիր

Ericsson ընկերության նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ ընկերությունների միջեւ կնքվել է ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Team-ը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն եւ հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային եւ սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն եւ բարձրորակ կապ:

«Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տեւական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները»,-ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նա նշել է, որ վերազինման արդյունքում ընկերությունը պատրաստ կլինի մոտ ապագայում նոր սերնդի տեխնոլոգիաների եւ 5G ցանցի սահուն գործարկմանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով՝ 5G տեխնոլոգիայի եւ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացման եւ ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, ինչպես նաեւ ազգային եւ միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

«Մենք ոգեւորված ենք Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությամբ: Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության եւ կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար եւ կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք»,- ասել է Հարավարեւելյան միջերկրածովյան եւ Եվրասիա տարածաշրջաններում Ericsson-ի ղեկավար Անդրեա Միսսորին:

2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում կկատարի բջջային ցանցի զարգացման նպատակով: Ընկերությունը նաեւ կշարունակի կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաեւ բջջային ցանցի համար: