13:02 | 14.03.25 | Նորություններ | 1150

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի

2025-ի ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երեւանում, մարզերում եւ միջպետական ճանապարհներին:

«Այս գործընթացը զգալիորեն կընդլայնի ցանցի ծածկույթը, կբարձրացնի բջջային ինտերնետի արագությունը եւ ցանցի թողունակությունը՝ բնակչության ավելի լայն շրջանակներին թույլ տալով օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

«Այս տարի մեր ռեսուրսներն ու ուշադրությունը կենտրոնացնելու ենք բջջային ցանցի արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեշտակի լավացնելու ծառայությունների որակը։ Հավակնոտ այս նախագիծն իրականություն է դառնում նաեւ շնորհիվ մեր NGN օպտիկամանրաթելային ցանցի, որը բջջային կայաններն իրար է կապում հուսալի, անվտանգ ու գերարագ ստորգետնյա ենթակառուցվածքով»,-նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջին փուլով բջջային ցանցը կվերազինվի Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում։ Այստեղ ընկերությունը 30%-ով կավելացնի բազային կայանների քանակը, նոր տեխնոլոգիաներ կներդնի արդեն իսկ գործող կայաններում, ինչը էապես կբարձրացնի թե՛ ձայնային, թե՛ ինտերնետ ծառայությունների որակը:

«Այնուհետեւ կկատարվեն միջպետական ճանապարհների բջջային ծածկույթի ընդլայնման աշխատանքները․ այդ ուղիներով երթեւեկելիս Team-ի բաժանորդներն ապահովված կլինեն էլ ավելի արագ ու կայուն կապով:

Հաջորդիվ կմեկնարկեն 4G ծածկույթի բարելավման եւ 5G ցանցի գործարկման ծավալուն աշխատանքները Երեւանում: Team-ը բջջային ցանցը կվերազինի նաեւ այլ մարզերում, որի մանրամասները կներկայացվեն հավելյալ»,- ասվում է հաղորդագրությունում: