15:07 | 13.02.25 | Նորություններ | 1282

Հայտնի է ԲՏԱ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը։

Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ու նշում, որ արդյունքում առաջին անգամ բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններ միաժամանակ կարող են օգտվել ԲՏ ոլորտի պետական աջակցություններից եւ հարկային արտոնություններից։

«Ինչո՞ւ է սա կարեւոր․

•    Ոլորտի զարգացումը կստանա նոր թափ՝ խթանելով տեղական արտադրությունը, նորարարական լուծումները եւ միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
•    Տասնյակ տեխնոլոգիական ուղղություններ առաջին անգամ կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ բարձրացնելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնաբավությունն ու գլոբալ մրցունակությունը։

Որո՞նք են շահառու ոլորտները․

•    Տեխնոլոգիական արտադրություն – Էլեկտրոնային բաղադրամասեր, համակարգիչներ, կապի սարքավորանքներ, օպտիկական գործիքներ, թռչող սարքեր եւ այլ տեխնոլոգիական լուծումներ։
•    Ծրագրային ապահովում եւ ՏՏ ծառայություններ – Ծրագրային ապահովման մշակում, ինտեգրալային սխեմաների նախագծում, վեբ-պորտալներ, տվյալների մշակում եւ այլն:
•    Գիտահետազոտական մշակումներ – Բնական, տեխնիկական, հասարակական ու հումանիտար գիտությունների, կենսատեխնոլոգիաների բնագավառում։

Սա եւս մեկ քայլ է դեպի տեխնոլոգիական Հայաստան, որտեղ մենք ոչ միայն սպառող ենք, այլեւ` արտադրող»,- գրել է նախարարը։