18:06 | 07.01.25 | Նորություններ | 550

Meta-ն փոխում է իր երկարամյա փաստերի ստուգման համակարգը

Meta-ն մշակել է փաստերի ստուգման նոր համակարգ եւ ներկայացրել հանրությանը։

Meta-ն, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը եւ Threads-ը, երրորդ կողմի փաստերի ստուգման համակարգի փոխարեն, կներդնի նոր համակարգ, որը հիմնված կլինի օգտատերերի վրա՝ ապակողմնորոշիչ տեղեկատվությունը շտկելու նպատակով գրառումներ, նշումներ կամ ուղղումներ ավելացնելու հնարավորությամբ։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձում ասել է, որ նոր պրոտոկոլը նման է X-ի օգտագործածին, որը կոչվում է Community Notes:

«Ժամանակն է վերադառնալ ազատ արտահայտվելու մեր արմատներին։ Ներկայիս փաստերի ստուգման համակարգը հասել է մի կետի, որը պարզապես չափազանց շատ սխալներ եւ գրաքննություն է պարունակում»,- նշել է Ցուկերբերգը։

Իլոն Մասկը հիմնվել է Համայնքի գրառումների վրա՝ X-ում ապակողմնորոշիչ գրառումները բացահայտելու համար:

2024-ի նոյեմբերի վերջին Ցուկերբերգը ճաշել է Դոնալդ Թրամփի հետ, որից հետո Meta-ն 1 միլիոն դոլար է նվիրաբերել՝ աջակցելու Թրամփի երդմնակալությանը։ Բացի այդ, Ցուկերբերգը փոփոխություններ է կատարել ընկերության ղեկավար կազմում եւ հայտարարել, որ Դանա Ուայթը՝ Ultimate Fighting Championship-ի ղեկավարը եւ Թրամփի մերձավոր դաշնակիցը, կմիանա Meta-ի խորհրդին:

Այս փոփոխությունը վերջ է դնում այն գործելակերպին, որը ընկերությունը սկսել էր ութ տարի առաջ՝ 2016 թվականին Թրամփի ընտրվելուց մի քանի շաբաթ անց: Այդ ժամանակ Facebook-ը քննադատության էր ենթարկվում ապատեղեկատվության անվերահսկելի տարածման համար, ներառյալ օտարերկրյա կառավարությունների գրառումները, որոնք տարաձայնություններ էին ձգտում սերմանել ամերիկյան հանրության շրջանում։

Հասարակության հսկայական ճնշման արդյունքում Ցուկերբերգը դիմել է արտաքին կազմակերպություններին, ինչպիսիք են Associated Press-ը, ABC News-ը եւ Snopes-ի փաստերի ստուգման կայքը, ինչպես նաեւ միջազգային փաստերի ստուգման ցանցի կողմից ստուգված այլ գլոբալ կազմակերպությունների՝ Facebook-ում եւ Instagram-ում հնարավոր սուտը կամ հնարավոր կեղծիքը, ապակողմնորոշող գրառումները ծանոթագրելու կամ հեռացվնելու նպատակով:

Փոփոխությունների թվում Ցուկերբերգը նշել է, որ «կվերացվեն սահմանափակումները այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են ներգաղթը եւ սեռը»: Ավելին, վստահության եւ անվտանգության, բովանդակության մոդերատորության թիմերը Կալիֆոռնիայից, կտեղափոխվեն Տեխաս, ինչը «կօգնի վերացնել կողմնակալ աշխատակիցների չափազանց գրաքննությունը»։