17:02 | 18.11.24 | Նորություններ | 10750

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները

Երեւանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգեւատրվել են հաղթողները։

Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, եւ այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

Օլիմպիադան, որն անցկացվել է երկու փուլով, այս տարի ունեցել է 332  մասնակից 16  երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսրայելից, Իտալիայից, Լիբանանից, Հայաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Չիլիից, Պերուից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից եւ Ֆրանսիայից:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 34 մասնակիցները, որից 10-ը Հայաստանից, պայքարել են գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ ճարտարագիտական առաջադրանքներ:

Առաջին մրցանակակիր է դարձել Վիսենտե Կորվալանը` Չիլիից, երկրորդ տեղը զբաղեցրել է  Սեզար Ալբուրկերկը` Բրազիլիայից, երրորդ մրցանակին արժանացել են՝  Էմանուելե Սակին` Իտալիայից եւ Կարապետյան Հարությունը՝ Հայաստանից։

«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչեւ 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին եւ, միեւնույն ժամանակ համոզվել, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ եւ համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը։

«Կասկած չկա, որ միկրոէլեկտրոնիկան ու տեխնոլոգիական գիտությունները ծայրահեղ կարեւոր են մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ես էլ, Ucom-ն էլ շատ ուրախ ենք մաս լինել այս միջոցառման, մեր աջակցությունը ցույց տալ ու խրախուսել երիտասարդներին ժամանակակից գիտելիքներ ստանալու, զարգացնելու եւ կիրառելու հարցում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարի Օլիմպիադան ընդգրկել է հետեւյալ թեմաները՝     թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք, հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը եւ արդիականացնել կրթական ծրագրերն, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

Հավելյալ տեղեկատվություն հասանելի է այստեղ։