14:56 | 14.10.24 | Նորություններ | 620

Innovate Armenia մրցույթն ընդունում է հայտեր

TCF Armenia-ն հայտարարել է Նորարարական պրոդուկտների համահայկական Innovate Armenia մրցույթի մասին։

Innovate Armenia-ի նպատակն է խրախուսել եւ աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական ապրանքների զարգացումը եւ միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը:

Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։

Անհրաժեշտ է ներկայացնել՝

•    գաղափարի նախապատմությունը,
•    պրոդուկտի ամբողջական եւ մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով եւ հավանական սկետչերով,
•    շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր,
•    նախագծի առանձնահատկությունն ու իրական պրոդուկտ ստանալու անհրաժեշտությունը։

Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարարական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը եւ ներկայացման հմտությունները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչեւ արտադրություն, ներառյալ՝ մենտորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաեւ նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների եւ արտադրողների մեծ բազայի հետ։

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենտորության, ինչպես նաեւ կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:

Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից եւ մենտորությունից։

Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։ Նախագծերը հնարավոր է ներկայացնել այստեղ։