15:45 | 07.10.24 | Նորություններ | 11941

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որպես պանելային խոսնակ, մասնակցել է «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն. Համագործակցության Խթանում» խորագրով միջազգային համաժողովին:

Այն կազմակերպել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ Հայաստանը՝ ներգրավելով շուրջ 200 առաջատար մասնագետի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնավոր, հանրային եւ ֆինանսական ոլորտներից: Ucom ընկերությունը հանդես է եկել որպես համաժողովի պլատինե գործընկեր:

Ռալֆ Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կորպորատիվ կառավարման գործընթացներում ներքին աուդիտի կարեւորությանը:

«Ներքին աուդիտը կարեւոր դեր է խաղում կազմակերպության առողջ կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծման մեջ։ Երբ գործադիր ղեկավարությունը աջակցում է ներքին աուդիտին, կառավարման գործընթացները ավելի արդյունավետ են դառնում, ինչը ավելացնում է կազմակերպության թափանցիկությունը եւ դրականորեն անդրադառնում նրա հեղինակության վրա։ Այսպիսով, արդյունավետ ներքին աուդիտը պաշտպանում է ոչ միայն ֆինանսական կայունությունը, այլեւ նպաստում է կազմակերպության հաջողությանը եւ աճին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ, որը մեզ տրամադրեց բացառիկ հարթակ՝ քննարկելու կորպորատիվ կառավարման եւ ներքին աուդիտի ոլորտի վերջին ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները` վերջիններս հայաստանյան ընկերություններում ներդնելու եւ հաջողությամբ կիրարկելու նախապայմանները։ Պարոն Յիրիկյանի մասնակցությունը մեր պանելային քննարկմանը հատկապես կարեւոր էր, քանի որ նա գործադիրի տեսանկյունից փայլուն ներկայացրեց կորպորատիվ կառավարման եւ աուդիտի գործընթացներում համագործակցության անգնահատելի դերը: Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես արդյունավետ գործընկերությունը կարող է իրական արժեք բերել մեր ընդհանուր հաջողություններին» - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը «Institute of Internal Auditors-Global» միջազգային կազմակերպության գործընկերն է Հայաստանում: Ինստիտուտն ունի ավելի քան 170 անդամ, պետական եւ մասնավոր կազմակերպություններից ներքին աուդիտի եւ ռիսկերի կառավարման ոլորտում: Այն Հայաստանում ներքին աուդիտի ոլորտը ներկայացնող ամենամեծ կառույցն է: