Team Telecom Armenia-ի աջակցությամբ այսօր մեկնարկել է համազգային «Գիտության շաբաթ»-ը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձեւաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարեւոր դերը ժամանակակից աշխարհում եւ գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։
Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է գիտական ինստիտուտների, համալսարանների, կրթական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին։
Հոկտեմբերի 1-2 փառատոնի այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտել գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից եւ մարդաբանությունից մինչեւ մոլեկուլային կենսաբանություն:
Հոկտեմբերի 3-4 «Ապագա գիտնականները» խորագրի ներքո երեխաների ու երիտասարդների համար կանցկացվեն մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ։ Մասնակիցները կիմանան, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան։ Երիտասարդները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին եւ կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։
Հոկտեմբերի 5-6-ը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկային, որը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր գիտնականների ու երիտասարդների համար՝ թույլ տալով երեւակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչեւ կինո, կոմիքսներից մինչեւ գեղանկարչություն։
Գիտության շաբաթվա շրջանակում կազմակերպվել են նաեւ «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների եւ «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգեւատրի հատուկ մրցանակներով:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը