11:39 | 13.08.24 | Նորություններ | 871

Կայացել է Երիտասարդության օրվան նվիրված միջոցառում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն եւ նորարարություն.  Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել  նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ: Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Վարդենիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան  300 մասնակից:  

Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտելիքով, առաջնորդությամբ իրենց առջեւ բացեն բոլոր դռները, իսկ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ընդգծել է նաեւ նմանատիպ ծրագրերի կարեւորությունը, որոնք միտված են ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի ամբողջ շրջանակը, ուղղորդել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանն իր հերթին շնորհավորել է երիտասարդներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ եւ նշել, որ կարեւոր է այս փուլում ընտրություն կատարել մասնագիտության հարցում եւ այդ ուղղությամբ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ մասնագիտական հաջող  ճանապարհ ունենալու համար։   

Հանդիպման վերջում ավարտական վկայականներ են հանձնվել Գորիս եւ Եղեգնաձոր քաղաքների շուրջ 50 մասնակցի, որոնք հաջողությամբ ավարտել են դասընթացները։