11:19 | 26.07.24 | Նորություններ | 9819

Մեկնարկել է Ucom-ի բնապահպանական նախագծի նոր փուլը

Արեւորդի հասարակական կազմակերպությունը եւ Ucom ընկերությունը գործարկել են մարզերում արեւային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։

Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։

Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։

Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել են նաեւ քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտացման ուսանողները՝ որպես գործնական պրակտիկայի մի մաս։

Արեւորդի ՀԿ-ի կողմից հրավիրած ինժեներների ուղղորդմամբ եւ հսկողությամբ ուսանողները տեղադրել են վահանակները, կատարել միացումները փոխակերպչին եւ այլն։

«Մարզային տարբեր համայնքներում արեւային կայանների տեղադրման նախագիծը մենք Արեւորդու հետ իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավելի ու փաստերով գիտենք, թե որքան օգտակար է այն ոչ միայն բնապահպանության տեսակետից, այլեւ տնտեսական իմաստով։ Վստահ եմ՝ այս արեւային կայանը թույլ կտա Նոյեմբերյանի քոլեջին խնայել բյուջեի գումարներն ու ուղղել դրանք այլ կարեւոր խնդիրների լուծմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ucom ընկերությանը եւ Արեւորդի ՀԿ-ին։ Ոգեւորիչ է, որ կայանի տեղադրումը կատարվել է բացառապես մեր ուսանողների եւ դասախոսական կազմի միջոցով, որոնց աջակցել են «Ռուբինար» կազմակերպության մասնագետները։ Արդյունքում ունեցանք կայան, որը կատարելու է երկու մեծ առաքելություն՝ ծառայելու է որպես դիդակտիկ տարածք, որտեղ մեր ուսանողները կարողանալու են պրակտիկ աշխատանքներ անցնել։ Երկրորդ մեծ հնարավորությունը, որ տալիս է կայանը, մեծապես թեթեւացնելու է քոլեջի էներգետիկ բեռը», - ասել է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։

«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ամեն տեղադրված արեւային կայան ոչ միայն կրճատում է ածխածնի արտանետումները, այլեւ ծառայում է որպես օրինակ եւ կրթական միջոց՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ անցնել մաքուր էներգիայի, որը նաեւ կլինի տնտեսապես շահավետ», - ասել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Արեւային կայանները կարեւոր քայլ են քոլեջի կայունության ապահովման գործում՝ հաշվի առնելով հաստատության որոշումը՝ ամբողջությամբ անցնելու վերականգնողական էներգիայի։