16:49 | 22.07.24 | Նորություններ | 1039

ԲՏԱ նախարարն այցելել է Team Telecom Armenia

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանի հետ հուլիսի 19-ին այցելել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia):

Նախարարին ընդունել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Հայկ Եսայանը, որի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ այցելել Կապի թանգարան։

Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության ռազմավարական ծրագրի՝ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցման ընթացքով, խոսել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշման կարեւորության, ներդրումային ծրագրերի ու զարգացման հիմնական ուղղությունների մասին: Եսայանն ընդգծել է, որ ոլորտում Հայաստանը գտնվում է բարենպաստ դիրքերում:

Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները։ Մխիթար Հայրապետյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայի դերակատարներին՝ բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը: Նախարարն ընդգծել է, որ մասնավոր բիզնեսի շահն այս դեպքում համընկնում է պետական շահի հետ:

Այցի ընթացքում քննարկվել է կապի ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ: Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնել պետություն-մասնավոր համագործակցությունը:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաեւ աշխատանքի ընթացքում առաջացած խոչընդոտներին եւ առաջարկ է արվել ոլորտին առնչվող հանդիպումներում ներգրավել նաեւ նախարարության ներկայացուցիչներին՝ խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր տարբերակներին ավելի խորը ծանոթանալու նպատակով: