14:37 | 03.07.24 | Նորություններ | 1452
Հուլիսի 4-ին Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։
Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» եւ մյուս կինոնկարները։
Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով:
Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:
Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:
Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երեւանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:
Ցուցադրությունը գործելու է մինչեւ հուլիսի 25-ը: