17:17 | 02.07.24 | Նորություններ | 1487

ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների կենտրոն

Հայաստանի Բանկերի միության եւ OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացել է ՀՀ առեւտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-ի տվյալների մշակման կենտրոն։

Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին։

Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանով,  ունի 2  ՄգՎ հզորություն։

ՀՀ բանկերի ներկայացուցիչները շրջել են Տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ենթակառուցվածքին եւ ամպային լուծումներին։

«Ուրախ ենք այսօր հյուրընկալել մեր գործընկերներին՝ ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչներին, մեր տվյալների մշակման կենտրոնում։ Տարածաշրջանում եզակի այս կենտրոնի ամպային եւ թվային ծառայությունները կարեւոր դեր են խաղում բանկային եւ ֆինանսական համակարգի թվայնացման գործում։

Մեր ընկերությունը, հանդիսանալով ՀՀ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների  վստահելի գործընկեր էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, այժմ պատրաստ է աջակցել ոլորտի թվայնացման գործընթացին՝ առաջարկելով աշխարհում առաջադեմ ամպային ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը՝ ի շահ մեր սպառողների»- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՀՀ բանկային եւ ֆինանսական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցել ծառայությունների թվայնացման եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Թվայնացման գործընթացի արդյունքում տվյալների ծավալը աճում է էքսպոնենցիալ տեմպով, եւ OVIO ընկերության՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Տվյալների մշակման կենտրոնը հնարավորություն ունի բավարարել տվյալների աճի հավակնոտ պահանջները» - նշել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

OVIO ընկերության Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երեւանից 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն եւ արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։