15:18 | 26.06.24 | Նորություններ | 1918
Հանրային քաղաքականության մշակման եւ զարգացման շուրջ ներդրումը մեծացնելու նպատակով ԱՏՁՄ-ն նոր կառուցվածքային միավոր է հիմնել՝ միտված հանրային քաղաքականության զարգացմանը եւ շահերի պաշտպանությանը:
«Այս բաժնի նպատակն է նպաստել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ներգրավվելով բարձր տեխնոլոգիական սեկտորը կարգավորող հանրային քաղաքականության մշակման եւ զարգացման մեջ: Այդ նպատակով մենք նախատեսում ենք սերտորեն աշխատել տեխնոլոգիական համայնքի եւ կառավարության հետ՝ առանձնացնելու սեկտորի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, եւ, միջազգային լավագույն փորձի եւ տեղական կոնտեքստի հաշվառմամբ մշակել արդյունավետ լուծումներ: Բաժինն ակտիվորեն կկոորդինացնի հանրային եւ մասնավոր սեկտորների միջեւ երկխոսությունը՝ դրանով իսկ բարելավելով կարգավորման շրջանակն ու խթանելով ոլորտի զարգացումը»,-ասվում է ԱՏՁՄ-ի հայտարարությունում:
ԱՏՁՄ-ից հայտնում են, որ նոր կառուցվածքային միավորն ընտրելու է արդի թեմաներ՝ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները բարձրաձայնելու ու հասարակության մեջ հիմնական շահառուների միջեւ երկխոսություն ապահովելու նպատակով․
«Մեր ընտրած առաջին թեման ընկած է կարգավորումների հայեցակարգի շուրջ եղած բոլոր խնդիրների հիմքում, այն է՝ կարգավորման միջավայրի կանխատեսելիությունը, կայունությունն ու մրցունակությունը:
Հետագա շաբաթների եւ ամիսների ընթացքում ԱՏՁՄ-ն կառանձնացնի եւ կներկայացնի մի շարք խնդիրներ, ներառյալ մաքսային, բլոքչեյնի տեխնոլոգիաների, ավիացիայի տեխնոլոգիական ոլորտի, արհեստական բանականության, կրթության հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու եւ ընկերություններ ներգրավելու հետ կապված օրենսդրական հարցերը»։
ԱՏՁՄ-ն գործում է 2000 թվականից եւ ներառում է ավելի քան 160 կազմակերպություն, այն է՝ ՏՀՏ ոլորտի հարկատուների ավելի քան 60%-ը: