11:38 | 19.06.24 | Նորություններ | 1727

ԱՏՁՄ-ն մտահոգություն է հայտնել gg-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մտահոգություն է հայտնել gg ընկերության եւ դրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«ԱՏՁՄ-ն մտահոգիչ է համարում gg ընկերության եւ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, դրանք գնահատում իբրեւ վատ ազդակ ՏՏ համայնքին եւ ՏՏ բիզնեսի հետագա զարգացմանը։

Ժողովրդավարական հասարակության կայացման գործընթացում կարեւոր դեր է խաղում խոսքի ազատությունը եւ կարծիքը ազատ արտահայտելու իրավունքը։ Կայացած բիզնեսի ներկայացուցիչների կողմից ազատ կարծիքի արտահայտման հնարավորությունը նպաստելու է պետության եւ ժողովրդավարական հասարակության կայացմանը։ Իսկ կարծիք արտահայտելու համար քաղաքական ճնշման տպավորություն թողնող գործողությունները ոչ միայն խոչընդոտում են բիզնեսին, այլեւ հանգեցնում են, որ հասարակության ամենաստեղծարար հատվածներից մեկը զգալու է իրեն ձայնազուրկ, ինչն էլ միայն վնասելու է ժողովրդավարական պետության կայացմանը։

Ավելին, պետք է հստակ տարանջատել ընկերության հիմնադրին եւ ընկերությանը։ Դրանք տարբեր սուբյեկտներ են, իսկ հիմնադրի կարծիքը կամ արտահայտած տեսակետը չպետք է պատճառ դառնա բիզնեսի գործունեությանը որեւէ կերպ խոչընդոտելու համար։

Այսուհանդերձ, այն հանգամանքը, որ դեռեւս 2023 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողություն է կատարվում 15.06.2024 թվականին, gg ընկերության հիմնադրի կողմից սոցիալական մեդիայով արված հայտարարությունից անմիջապես հետո, առնվազն տեղիք է տալիս կասկածելու, որ gg ընկերությունում ձեռնարկված քննչական գործողությունները՝ խուզարկության տեսքով, հանդիսանում են gg ընկերության հիմնադրի հայտարարության հետեւանք, եւ առկա է քաղաքական ենթատեքստ։

Արդյունքում տուժում է gg ընկերությունը։ Մասնավորապես, բարձրացած աղմուկը վնասում է gg ընկերության գործարար համբավին, իսկ ձեռնարկված խուզարկության հետեւանքով գույքի (hամակարգիչներ եւ հեռախոսներ) առգրավումը խաթարում է տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված ընկերության բնականոն աշխատանքը։

Տեղի ունեցածը ՏՏ համայնքի կողմից ընկալվում է որպես բացասական ազդակ եւ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե Հայաստանի ՏՏ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հետագա գործունեության եւ թե ՀՀ-ն որպես նոր աշխարհագրական տարածք դիտարկող ներդրողների համար։  

Այս տեսանկյունից, համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն ընտրովի արդարադատության իրագործման, այլեւ առհասարակ վնասել բիզնես միջավայրի զարգացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը»,- ասվում է հայտարարությունում։