13:18 | 17.05.24 | Նորություններ | 12532

Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է 1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։  

Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է եւ համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ եւ աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը, իսկ հեռահաղորդակցությունը մարդկության հետագա զարգացման եւ առկա խնդիրների լուծման հիմքեր ու հնարավորություններ ստեղծող ոլորտ է։

Հայաստանն էլ Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է, եւ Ucom-ը որպես Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություն իր բաժանորդներին է առաջարկում կապի ծառայություններ եւ որակյալ ու արագ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաեւ բաժանորդների կողմից շատ պահանջված փաթեթային լուծումներ։

«Ucom-ը Հայաստանում բազմաթիվ բաժանորդներ ունի, եւ այս պահին ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցը, որպեսզի երկրի բոլոր անկյուններում մեր հայրենակիցները կարողանան բարձրորակ ինտերնետ կապից օգտվել։ Սա մեծ պատիվ է մեզ համար եւ մեծ պատասխանատվություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է օգտվել մեր ծառայություններից փաթեթային տարբերակով՝ վստահելով մեզ թե՛ բջջային կապի, թե՛ ֆիքսված ինտերնետի եւ թե՛ հեռուստատեսության հարցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում եւ՛ ֆիքսված, եւ՛ բջջային ցանցը։ Մասնավորապես, անցած եւ ընթացիկ տարիների ընթացքում ֆիքսված ցանցը գործարկվել է 6 նոր բնակավայրում։ Ցանցի ընդլայնման եւ արդիականացման համար ընկերությունը համագործակցում է աշխարհում առաջատար Nokia ընկերության եւ այլ միջազգային գործընկերների հետ, իսկ նոր ու ժամանակակից հեռուստատեսության լուծումները ներդրվում են միջազգային MediaKind ընկերության հետ համագործակցությամբ: