11:42 | 16.04.24 | Նորություններ | 791

X-ի բոլոր նոր օգտատերերից գումար կգանձվի թվիթ գրելու համար

Իլոն Մասկը հաստատել է, որ մտադիր է X-ի բոլոր նոր օգտատերերից գումար գանձել թվիթներ գրելու եւ հավանելու գործառույթների համար։

X Daily News-ը ուշադրություն է հրավիրել կայքի քաղաքականության փոփոխությունների վրա։ Եթե դրանք ուժի մեջ մտնեն, «նորեկները» ստիպված կլինեն վճարել սեփական թվիթները հրապարակելու, ուրիշներին հավանելու եւ հրապարակումները պահպանելու հնարավորության համար։

Ի պատասխան գրառման՝ Իլոն Մասկը բացատրել է, որ X-ի մուտքի համար փոքր գումար վճարելը միակ միջոցն է՝ հակազդելու բոտերի գրոհին: Այժմ արհեստական բանականության եւ տրոլների խմբերը հեշտությամբ կարող են անցնել «Ես ռոբոտ չեմ» թեստը։ Բացի այդ, բոտերը նաեւ լավ անվանումներ են վերցնում։ Ձեռնարկատերը նշել է, որ գրանցումից երեք ամիս անց նորեկները կկարողանան անվճար թվիթ անել։

Այս հնարավորությունը փորձարկվել է Նոր Զելանդիայում եւ Ֆիլիպիններում, սակայն այլ երկրների մասին ոչինչ չի ասվել: Նոր օգտատերերի տարեկան վճարը կազմում է 1 դոլար։ Չվճարելու դեպքում սոցիալական ցանցը հասանելի կլինի միայն կարդալու ռեժիմով։ Թե երբ կներդրվի այս փոփոխությունը այլ երկրներում, դեռ չի նշվում։