15:42 | 29.03.24 | Նորություններ | 1515

Թումո լաբերը, Granatus Ventures-ը եւ Vivan Therapeutics-ը միասին նախագիծ կիրականացնեն

Թումո լաբերը, Granatus Ventures-ը եւ Vivan Therapeutics-ը միավորվում են մի նախագծի շուրջ, որը մեքենայական ուսուցման միջոցով թույլ կտա անհատականացված կանխատեսումներ անել, թե քաղցկեղով հիվանդն ինչպես կարձագանքի բուժմանը` կախված գենետիկական հաջորդականության տվյալներից։

Ստեղծելով front-end, մեքենայական ուսուցման մոդել եւ API-ներ՝ նախագծի մասնակիցները գործնական փորձ եւ ծրագրի բետա տարբերակը պետք է ստանան։ Ծրագիրը կհամադրի հիվանդի գենետիկական հաջորդականության տվյալներն արդեն առկա գիտելիքների հետ՝ բուժման մեթոդներ առաջարկելով։

Vivan Therapeutics-ը բրիտանական ընկերություն է, որը հեղափոխիչ գործունեություն է ծավալում քաղցկեղի բուժման գործում։ Ընկերությունն անհատականացված ախտորոշման եւ կլինիկական որոշումների աջակցության նոր կարգ է սահմանել՝ քաղցկեղով ապրող մարդկանց բուժման ավելի արդյունավետ տարբերակներ առաջարկելու համար։ Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի հետ համատեղ մշակված այս տեխնոլոգիան խոստումնալից ներուժ ունի քաղցկեղի բուժման, դեղամիջոցների հայտնաբերման ու մշակման հարցում։

Նախագծի սկիզբը 2024-ի մայիսին է, տեւողությունը` 6 ամիս օֆլայն ձեւաչափով, լեզուն` հայերեն։

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։ Մասնակցությունն անվճար է, դիմել հնարավոր է այստեղ։

Ծրագրին կարող են դիմել 18 տարեկանը լրացած անձիք, ովքեր կրթություն են ստացել կամ ստանում հետեւյալ բնագավառներից որեւէ մեկում՝մաթեմատիկա, համակարգչային գիտություն, վիճակագրություն կամ կենսաինֆորմատիկա։

Դիմորդները պետք է մեծ հետաքրքրություն ունենան բիոինֆորմատիկայի կամ մեքենայական ուսուցման հանդեպ, ինչպես նաեւ ծրագրավորման որեւէ լեզվի կիրառման որոշակի փորձ։