11:48 | 19.03.24 | Նորություններ | 2008

Nvidia GTC 2024․ աշխարհի ամենահզոր AI չիպը եւ հումանոիդ ռոբոտների համար նոր հարթակ

Nvidia-ն ներկայացրել է Blackwell միկրոչիպերի նոր սերունդը, որը նախատեսված է հիմնականում արհեստական բանականության ոլորտում զարգացումների համար։

Ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը Կալիֆորնիայում ծրագրավորողների համաժողովի ժամանակ ներկայացրել է նոր սերնդի չիպը եւ այն անվանել աշխարհի ամենահզոր չիպը։

Nvidia-ն նշում է, որ Blackwell պլատֆորմը, ներառյալ հարակից ծրագրակազմը, նախատեսված է գերարագ հաշվարկման համար, որը կօգնի հասնել բեկումնային տվյալների մեծ ծավալների մշակման, ինժեներական մոդելավորման, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման, դեղերի մշակման, քվանտային հաշվարկների եւ գեներատիվ AI-ի:

«Երեք տասնամյակ մենք հետապնդում ենք արագացված հաշվողականություն՝ հնարավորություն տալու այնպիսի առաջընթացների, ինչպիսիք են խորը մեքենայական ուսուցումը եւ արհեստական բանականությունը։ Գեներատիվ AI-ը մեր ժամանակի որոշիչ տեխնոլոգիան է: Blackwell-ը նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչն է», - ասել է Հուանգը:

Apple-ը, Microsoft-ը եւ Amazon-ը նույնպես մշակում են AI-ի վրա աշխատող չիպեր, սակայն Nvidia-ի հիմնական մրցակիցների արտադրանքը դեռ չի կարող համապատասխանել նույնիսկ 2022 թվականին թողարկված H100 չիպի հզորությանը եւ արդյունավետությանը:

H100-ները AI-ով աշխատող ծրագրերի մեծ մասի հիմքում են: ChatGPT չատբոտը նույնպես վերապատրաստվել է Microsoft-ի սուպերհամակարգչում տեղադրված 10 հազար Nvidia GPU-ների միջոցով։ Nvidia-ն պնդում է, որ Blackwell պրոցեսորները չորս անգամ ավելի արագ են, քան նախորդ սերնդի AI մոդելները, ինչպես նաեւ ապահովում են 25 անգամ ավելի բարձր էներգիայի արդյունավետություն:

Ընկերությունը հայտնել է, որ իր հիմնական հաճախորդները, այդ թվում՝ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը, Meta-ն, Tesla-ն եւ OpenAI-ը, կօգտագործեն նոր չիպը ամպային հաշվողական ծառայություններում եւ իրենց սեփական արհեստական ինտելեկտի զարգացումների համար:

photo © Getty Images


Համաժողովի ընթացքում Nvidia-ի ղեկավարը ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում այլ զարգացումներ նույնպես, այդ թվում՝ մարդանման ռոբոտների պատրաստման հարթակը: Չիպերի հսկան իր դիրքն է փորձում հաստատել հումանոիդ ռոբոտների մրցավազքում նոր GR00T հարթակի միջոցով։
Նոր հարթակն ընկերությունն անվանում է «մարդանման ռոբոտների համար ընդհանուր նպատակի հիմքի մոդել»: Ըստ էության, ընկերությունը կառուցում է AI հարթակ ռոբատաշինական այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են 1X Technologies-ը, Agility Robotics-ը, Apptronik-ը, Boston Dynamics-ը, Figure AI-ը, Fourier Intelligence-ը, Sanctuary AI-ը, Unitree Robotics-ը, XPENG Robotics-ը եւ այլն: Դա ընդգրկում է տվյալ պահին մարդանման ռոբոտների գրեթե բոլոր ականավոր արտադրողներին, մի քանի ուշագրավ բացառություններով, ինչպիսին Tesla-ն է: GR00T-ը կաջակցի նաեւ Nvidia-ի նոր սարքավորումներին:

photo © Getty Images


Ընկերությունը նաեւ ներկայացրել է Nvidia NIM ծրագրային հարթակը, որն ուղղված է AI մոդելների տեղադրման պարզեցմանը: NIM-ը օգտագործում է Nvidia-ի սարքավորումները որպես հիմք եւ նպատակ ունի արագացնել ընկերությունների AI նախաձեռնությունները՝ ապահովելով AI-ի համար էկոհամակարգ: Այն աջակցում է տարբեր աղբյուրների մոդելներին, ներառյալ Nvidia-ն, Google-ը եւ Hugging Face-ը, եւ ինտեգրվում է այնպիսի հարթակների, ինչպիսիք են Amazon SageMaker-ը եւ Microsoft Azure AI-ը: NIM-ը ժամանակի ընթացքում կընդլայնի իր հնարավորությունները՝ ներառյալ գեներատիվ AI չատբոտերի համար նախատեսված գործիքները:

Ընկերության բաժնետոմսերի գինը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 240%-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան այս տարի գերազանցել է 2 տրիլիոն դոլարը՝ դարձնելով այն ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ընկերության երրորդ տեղը՝ Microsoft-ից եւ Apple-ից հետո: