15:35 | 14.03.24 | Հոդվածներ | exclusive 3666

«Յանդեքս» ծրագրավորման դպրոց. մոտիվացիա եւ գիտելիք՝ մարզաբնակ երիտասարդներին

Ծանոթանալ ՏՏ ոլորտի մասնագիտություններին, զրոյից եւ անվճար սովորել Python ծրագրավորման լեզուն եւ մշակել սեփական նախագիծը. Գյումրիի եւ Վանաձորի 9-11-րդ դասարանցիներին այսպիսի հնարավորությություններ են տալիս «Յանդեքս» ծրագրավորման դպրոցները, որոնք տարիներ շարունակ գործում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ
եւ Yandex Go-ի աջակցությամբ:

Հիմնվելով 2016թ.-ին՝ այսօր դրանք ավելի քան 350 շրջանավարտ ունեն, որոնցից շատերն աշխատում են ոլորտի առաջատար ընկերություններում:

Օրերս Վանաձորի «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի աշակերտներն այցելել են ընկերության հայաստանյան գրասենյակ:

photo © Մեդիամաքս


Itel.am-ը հետեւել է նրանց շրջայցին, աշակերտների եւ դասավանդողների հետ զրուցել ուսման ընթացքի ու ՏՏ ոլորտի որակյալ մասնագետ դառնալու մոտիվացիայի մասին:

Գտնել ապագա տաղանդներ

«Յանդեքս»-ի հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների մենեջեր Մարուսյա Լեժնեւան ասում է՝ ընկերությունը փորձում է մասնացել երիտասարդների կյանքին եւ կրթությանը բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է.

«Մենք շատ ենք կարեւորում ապագա տաղանդների հետ աշխատանքը, իսկ Հայաստանում սա առավել հաճելի է, քանի որ տեսնում ենք՝ ՏՏ ոլորտն այստեղ զարգացած է, եւ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ կան»:

Նա հիշում է՝ Հայաստան տեղափոխվելուց հետո հաճելիորեն զարմացել է փաստից, որ հանրակրթական դպրոցներում շախմատ են դասավանդում: Երկրորդ հաճելի փաստը տեղացի երիտասարդների մաթեմատիկական լավ գիտելիքներն էին:

Մարուսյա Լեժնեւան Մարուսյա Լեժնեւան
photo © Մեդիամաքս


«Սա տեսնելն իսկապես շատ հաճելի էր, քանի որ մաթեմատիկան, միանշանակ, ծրագրավորման հիմքն է», - ասում է Մարուսյա Լեժնեւան:

Նրա խոսքով՝ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցների հիմնումն ու կրթական այլ նախաձեռնությունները մի կողմից ընկերության շնորհակալությունն են իրենց ընդունող երկրին՝ Հայաստանին, մյուս կողմից՝ ապագա տաղանդներ գտնելու հիանալի հնարավորություն են տալիս.

photo © Մեդիամաքս


«Շատ ուրախ ենք, որ արդեն կարող ենք աշխատակիցներ ներգրավել նաեւ Հայաստանից ու ցանկանում ենք երիտասարդներին աճելու հնարավորություն տալ: Իհարկե, տեսնելով տաղանդների, չի կարելի նրանց «ձեռքից բաց թողնել» (ծիծաղում է – հեղ.), սակայն շատ ուրախ ենք նաեւ, երբ մեր դպրոցներով անցած աշակերտները հետագայում սկսում են աշխատել ոլորտի այլ ընկերություններում: Առողջ մրցակցությունը կարեւոր է եւ դրական է ազդում ՏՏ ոլորտի վրա»:

Որոշիչ է մոտիվացիան

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի մեթոդիստ եւ խմբավար Աշխեն Գրիշկյանն ասում է՝ աշակերտները դպրոց են ընդունվում ծրագրավորման զրոյական գիտելիքներով ու ավարտելիս արդեն կարողանում են պարզ հավելվածներ նախագծել.

«Սեփական աշխատանքի արդյունքը տեսնելը շատ է ոգեւորում երիտասարդներին»:

Նրա խոսքով՝ դպրոցի համար նպատակային է համարվում 9-11-րդ դասարանցիների խումբը, սակայն մեծ ցանկություն, գիտելիք ու ձգտում նկատելու դեպքում կարող են ընդունել նաեւ 8-րդ դասարանցիների:

«Ընդունելությունը տեղի է ունենում երկու փուլով: Աշակերտները նախ անցնում են թեստավորում, որը ստուգում է տրամաբանությունը, իսկ հետո՝ հարցազրույց, որի ընթացքում պարզում ենք աշակերտի զբաղվածությունը, պատասխանատվությունն ու ամենակարեւորը՝ մոտիվացիան: Կարող եմ ասել՝ որոշիչը մոտիվացիայի առկայությունն է (ժպտում է – հեղ.): Ընդունելության ընթացքում մրցակցությունը բավականին բարձր է. մոտ 200 դիմորդից ընտրվում է 28-35 աշակերտ»:

Աշխեն Գրիշկյանը Աշխեն Գրիշկյանը
photo © Մեդիամաքս


«Յանդեքս» ծրագրավորման դպրոցում դասավանդումը տեղի է ունենում Մոսկվայի «Յանդեքս լիցեյ»-ի ծրագրով՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում:

«Աշակերտները հիմնականում սովորում են Python ծրագրավորման լեզու, որը շատ ճկուն է եւ հետագայում կարող է կիրառվել բազմաթիվ ուղղություններում: Ուսումնական ծրագիրը շատ լավ է կազմված, քանի որ ներառում է բազմաթիվ գործնական առաջադրանքներ: Ի սկզբանե մենք աշխատում ենք ընկերության սերվերների վրա, այսինքն՝ խնդիրները ստուգում է ոչ թե ուսուցիչը, այլ՝ թեստավորող համակարգը, ինչը թույլ է տալիս, որ երիտասարդն անմիջապես տեսնի սեփական աշխատանքի արդյունքը», - ասում է Աշխեն Գրիշկյանը:

Նա նշում է՝ դպրոցի առաջին շրջանավարտներն այժմ արդեն middle աստիճանի ծրագրավորողներ են բազմաթիվ առաջատար ընկերություններում.

«Ունեցել ենք նաեւ պատմություն, երբ մեզ մոտ է եկել աշակերտ ու կիսվել հետագայում «Յանդեքս»-ում աշխատելու երազանք-նպատակով: Հիմա նա իսկապես այս ընկերության թիմի մաս է դարձել»:

photo © Մեդիամաքս


Աշխեն Գրիշկյանը կարծում է, որ նման այցելություններն առաջատար ՏՏ ընկերությունների գրասենյակներ էլ ավելի են մոտիվացնում աշակերտներին, քանի որ նրանք սեփական աչքով տեսնում են միջավայրը, որում իրենք եւս տարիներ անց կարող են հայտնվել:

«Այսօր հասկացա՝ ես ճիշտ տեղում եմ»

Անի Ղարագյոզյանը 16 տարեկան է: Սովորում է Վանաձորի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում եւ զուգահեռ՝ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցում:

«ՏՏ ոլորտն ինձ հետաքրքրեց, քանի որ ցանկանում եմ հետագայում պահանջված մասնագիտություն ունենալ: Այն ներսից հասկանալու, իմ ուժերը փորձելու համար էլ դիմեցի «Յանդեքս» ծրագրավորման դպրոց: Հիմա այստեղ մեծ հաճույքով եմ սովորում եւ որքան ծրագիրը բարդանում է, այնքան ուսուցումն ավելի հետաքրքիր է դառնում», - ժպտում է Անին:

Անի Ղարագյոզյանը Անի Ղարագյոզյանը
photo © Մեդիամաքս


ՏՏ ուղղվածություն ունի նաեւ հանրակրթական դպրոցում իր դասարանը.

«Այս տարվանից սկսած հանրակրթական դպրոցում սովորում եմ Արհեստական բանականության ուղղվածությամբ դասարանում: Սա եւս գումարվում է «Յանդեքս»-ի դպրոցում ստացած գիտելիքին ու այն էլ ավելի լավ է յուրացվում»:

Անին ասում է՝ մարզային քաղաքներում աշակերտներից շատերն ունեն մոտիվացիա, բայց հաճախ այն իրացնելու տեղ չեն գտնում.

«Մարզերում ապրողները երբեմն նույնիսկ ավելի մոտիվացված են, քան մայրաքաղաքների բնակիչները, քանի որ ունեն ավելի քիչ հնարավորություններ ու փորձում են օգտագործել դրանցից յուրաքանչյուրը՝ ավելի շատ աշխատելով, ավելի լավ սովորելով: Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ գործում է «Յանդեքս»-ի դպրոցը: Կարծում եմ՝ եթե նման հնարավորություններ ստեղծվեն նաեւ մարզային այլ բնակավայրերում, դա դրական կազդի ոչ միայն երիտասարդների կյանքի, այլեւ՝ մարզային բնակավայրի զարգացման վրա»:

Անի Ղարագյոզյանը կիսվում է, որ շատ ոգեւորված է «Յանդեքս»-ի երեւանյան գրասենյակ այցելությամբ.

«Երբ տեսնում ես հաճելի միջավայր ու մարդկանց, որոնք քննարկում են քեզ հետաքրքրող թեմաներ, հասկանում ես՝ ճիշտ տեղում ես: Այսօր ես դա զգացի: Միայն թե պետք է շարունակել ընտրած ճանապարհը, չհանձնվել եւ ամեն ինչ կստացվի»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի