17:58 | 22.02.24 | Հոդվածներ | exclusive 3673

Zoomerang-ի կայծակնային աճն ու GenAI-ով նոր գործիքները

Հայկական Zoomerang-ի նպատակը բովանդակություն ստեղծելը հեշտացնելն է ու ստեղծագործողների համայնքը համախմբելը։ Սկսելով TikTok-ի համար վիդեո էֆեկտներ մշակելուց՝ այն դարձել է աշխարհում խոշոր վիդեո ձեւանմուշների (video template) վաճառքի հարթակներից մեկը։

Գեներատիվ AI-ի զարգացման ալիքին զուգահեռ՝ Zoomerang-ը հետ չի մնում նորարարությունից. այն ներկայացնում է մի շարք AI գործիքներ` կերպարներն ու բովանդակությունը տրամաբանորեն շարունակող պատմություններից մինչեւ տեքստային հրահանգներով նոր բովանդակություն գեներացնելը։

Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանն iTel.am-ին պատմել է ընկերության ստեղծման, ներդրումների, անցած ճանապարհի ու նոր հնարավորությունների մասին։

Պարսկաստանի արքայազնից դեպի միջազգային օլիմպիադաներ

Սերը ծրագրավորման հանդեպ առաջացել է մանկուց։ Փոքր ժամանակ «Prince of Persia» խաղն էի խաղում, մի աշխարհ կար, որ խաղի տեխնիկական խնդրի պատճառով չէի կարողանում անցնել, մտածեցի՝ մի օր դառնալու եմ ծրագրավորող ու խաղն այնպես մշակեմ, որ աշխարհն անցնելը հնարավոր դառնա։ 2002 թվականին հայրիկս Գերմանիայից համակարգիչ էր բերել, այդ ժամանակ շատ խաղեր էի խաղում եւ միշտ մտածում, թե ինչեր կարելի է դրանց մեջ փոխել, կատարելագործել։


Սովորել եմ Ֆիզմաթ դպրոցում, որտեղ ծրագրավորման օլիմպիական խմբակ կար, ու դասերին զուգահեռ գնում էի այնտեղ, լուծում ծրագրավորման խնդիրներ։ Սկսեցի օլիմպիադաների մասնակցել, դա արդեն լրիվ այլ մակարդակ էր։ Միջազգային թիմերի հետ էինք մրցում, միջավայրը ինձ շատ էր դուր գալիս։ Այդպես որոշեցի դառնալ ծրագրավորող։

Ավարտական դասարանում ընկերոջս հետ առաջին բիզնես փորձերն էինք անում։ 2018-ին ԵՊՀ-ի կիրառական բաժնում Ծրագրավորման ամբիոնում թեզ էի պաշտպանում ու զուգահեռ ստարտափներով զբաղվում։ Մինչեւ Zoomerang-ը հիմնելը 9 տարբեր փորձ եմ կատարել:

Ձախողված ստրատափը՝ Zoomerang-ի հիմք

Zoomerang-ի համահիմնադիրներով՝ ես, Արմանն ու Հայկը, մինչեւ Zoomerang-ը 3-4 տարբեր ստարտափում ենք աշխատել, միասին աշխատելու փորձ ունեինք։ Որոշեցինք մեր սեփական ընկերությունը հիմնել. վերցրինք միանգամից երեք միտք ու սկսեցինք զարգացնել ու տեսնել, թե դրանցից որը կաշխատի։ Երեքն էլ կապ ունեին ստեղծարարության հետ, բայց ոչ մեկը չհաջողեց։ Մեկը մոտ էր Zoomerang-ին. երաժիշտների համար հոլովակ պատրաստելու ծրագիր էր, աուդիոյի վերլուծության հիման վրա անիմացիոն վիդեո էր պատրաստում։


Այն ժամանակ Musical.ly հավելվածը, որը դարձավ ներկայում հայտնի TikTok-ը, մեծ տարածում ուներ, դրա մասին, սակայն, Հայաստանում քչերը գիտեին։ Հետաքրքրված էինք այդ հավելվածում ստեղծվող բովանդակությամբ, որը շատ էր տարբերվում ներկայիս TikTok-ի բովանդակությունից ու ավելի ստեղծարար մոտեցում էր պահանջում։ Այդ ժամանակ մի քանի վայրկյան տեսանյութ ստեղծելու համար օգտատերերը կարող էին մոտ 10 օր ծախսել։ Ճիշտ պատկերացնելու համար ասեմ, որ նույնիսկ վիդեոյի էֆեկտ դնելը բավականին բարդ գործընթաց էր ու ոչ այնքան հասանելի բոլորին, որքան հիմա է։

Musical.ly տեսանյութերի գրեթե բոլոր մեկնաբանություններում հեղինակներին խնդրում էին տեսանյութերը պատրաստել սովորեցնող վիդեոներ անել։ Մեզ մոտ առաջացավ նոր գաղափար՝ ավտոմատացնել Musical.ly-ի համար բովանդակություն ստեղծելը։


Վերցրինք նախկինում ձախողված մեր գաղափարի տեխնիկական հիմքն ու ալգորիթմները՝ դրա վրա մշակելով նոր գործիք Zoomerang-ը։

Սկզբում հավելվածում միայն մեկ ֆիլտր էֆեկտ էինք ավելացրել ու իմ գրած երաժշտությունը։ App Store բեռնելուց հետո որոշեցինք ավելացնել նոր երաժշտություններ ու ֆիլտրեր։ Արդյունքում ստացանք հավելված, որի միջոցով հնարավոր էր TikTok-ի թրենդային երգերի տակ ավտոմատ էֆեկտներով տեսանյութեր մշակել։

Առաջին ինֆլյուենսերին վճարել էինք ընդամենը 50 դոլար, որպեսզի փորձարկի ու ներկայացնի իր էջում։ Նա մեզ բերեց մոտ 5000 օգտատեր։ Հետո տեսանք, որ մեր ստեղծած գործիքն իսկապես անհրաժեշտ է ու մարդիկ իրոք դրա կարիքն ունեն։

Երբ գործարկեցինք նաեւ template-ները, մեր օգտատերերի թիվը կտրուկ աճեց, մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ մեկ միլիոն օգտատեր էր ներբեռնում մեր հավելվածը։ Թրենդում հայտնվեց մեր Template-ը, որոշեցինք ընդարձակել ու դարձնել template-ների հարթակ (marketplace):

TikTok-ի ղեկավարի 500 հազար դոլարանոց առաջարկը

3 ամիս էր անցել, ունեինք մոտ 600 հազար օգտատեր, սկսվեց ընկերությունը գնելու տարբեր առաջարկներ գալ։

Ամենահետաքրքիրը հենց Musical․ly-ի ղեկավարինն էր։ Նա առաջարկում էր 500 հազար դոլար Zoomerang-ի համար։ Անանուն ձեւով էր դիմել մեզ․ մի օր էլեկտրոնային նամակ ենք ստանում ինչ-որ Ջոնի կողմից։ Գրել էր, որ չի կարող իր անունը բացահայտել, բայց հետաքրքրված է ընկերությունը գնելով։ Իհարկե, մենք պահանջեցինք բացահայտել անունը, որպեսզի համոզվենք, որ scam չէ։ Այնուհետեւ մեզ հետ կապվեց մի աղջիկ ու առաջարկեց զանգով խոսել, ինչից հետո ավելի լուրջ վերաբերվեցինք առաջարկին։ Հետո Instagram-ով գտանք այդ աղջկան ու ընդհանուր նկարներից պարզեցինք, որ կապ ունի Միացյալ Նահանգներում Musical.ly-ի ղեկավարի հետ, ավելին՝ նրա կինն է ու միասին էին աշխատում այդ ժամանակ։ Անանուն էին կապվել, քանի որ նախկինում մեկ այլ գործարքի բանակցությունների ընթացքում այլ ստարտափի հիմնադիրների կողմից տեղեկատվության արտահոսքի պատճառով չէր կայացել գործարքը։

Այդ ժամանակ առանց մտածելու մերժեցինք։ Հետագայում էլի իր կողմից Zoomerang-ի բրենդով համատեղ նոր ընկերություն հիմնելու առաջարկ ստացանք, բայց մեր պատկերացումները չէին համընկնում, կրկին հրաժարվեցինք։  


Այլ անհատների կողմից նույնպես առաջարկներ ստացել ենք։ Ամենախոշորը եղել է մոտ 6 միլիոն դոլար առաջարկը՝ Zoomerang-ը սկսելուց մոտ 8 ամիս հետո։ Մեր նպատակն այդ ժամանակ վաճառվելը կամ միանգամից մեծ գումար աշխատելը չէր։ Ավելի հեռուն գնացող նպատակներ ու տեսլական ունեինք, այդ պատճառով կարողանում էինք հեշտորեն մերժել առաջարկները։

Ներդրումներն ու շուկան

Ներդրումների մասին մեր գիտելիքը հավաքել ենք տարբեր ներդրումային միջոցառումների մասնակցելով։ Առաջին ներդրումային առաջարկն ստացել ենք մոտ 4 տարի առաջ, չափը 1 միլիոն դոլար էր։ Այդ ժամանակ հետաքրքրված անհատ ներդրողը կրիպտո բիզնեսում էր գործունեություն ծավալում, եկամուտը կախված էր կրիպտո շուկայի տատանումներից։ Մեր բախտը չբերեց, քանի որ այդ ընթացքում շուկան ճգնաժամի մեջ հայտնվեց, ու մեր գործարքը չհաջողվեց։

Առաջին սաղմնային ներդրումը ստացել ենք 2022-ին հայկական ֆոնդերից՝ Formula VC-ից ու BigStory VC-ից եւ այլ անհատ ներդրողներից։ Գործարքի արժեքը հրապարակային չէ։ Հաջորդ ներդրումը պլանավորում ենք ստանալ նոր տեխնոլոգիաների ու բիզնեսի զարգացման շուրջ։ Շուտով բանակցություններ կսկսենք այդ ուղղությամբ։


Ունենք 35 միլիոնից ավելի անհատ օգտատեր ու ավելի քան 30 հազար բիզնես օգտագործող։ Ամենամեծ շուկան ԱՄՆ-ում է, այնուհետեւ՝ Գերմանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում եւ այլն։ Մոտ 5 ամիս առաջ Գերմանիայում App Store-ի թոփ հավելվածն էինք դարձել։

GenAI-ն ու Zoomerang-ի նոր AI փուլը

Zoomernag-ի նպատակն է օգնել մեր հաճախորդներին ստեղծել բովանդակություն՝ առանց մոնտաժային, տեխնիկական գիտելիքների։ Մեր բոլոր գործիքներն ու տեխնոլոգիաներն ուղղված են հենց դրան, այդ թվում նաեւ գեներատիվ AI-ով աշխատող գործիքները։


Բովանդակություն ստեղծելը բավականին բարդ ու անհասանելի գործ է բիզնեսների ու անհատների համար։ Շատ քչերն են կարողանում իսկապես որակյալ բովանդակություն ստեղծել։

Մշակել ենք նոր բեկումնային լուծում․ յուրաքանչյուրը կարող է մարզել սեփական արհեստական բանականությունը, որը կգեներացնի անհատական բովանդակություն՝ պահպանելով դեմքերը, պատմության տրամաբանական հաջորդականությունը եւ այլն։ Արդյունքում այլեւս կարիք չի լինի ծախսատար ֆոտոսեսիա կամ տեսանկարահանում կազմակերպել։


Շուկայում գոյություն ունեցող գործիքները չեն պահպանում դեմքերը, պատմության տրամաբանական հաջորդականություն ստեղծելու հնարավորություն չեն տալիս։ Մեր տեխնոլոգիան իդեալական լուծում է փոքր եւ միջին բիզնեսների համար։ Այն կազատի բովանդակության ստեղծելուն վերաբերող մի շարք հարցերից եւ թույլ կտա թիմերին կենտրոնանալ բիզնեսի աճի, պրոդուկտի մշակման ու կատարելագործման վրա։ Մենք հավատում ենք, որ այդ գործիքով կօգնենք բիզնեսներին ավելի լավ վաճառք իրականացնել։

9 ամիս առաջ սկսել ենք նաեւ վեբ տարբերակի մշակումը, որտեղ միայն գեներատիվ AI-ով օժտված գործիքներն են հասանելի։

Թիմը

Այժմ 25 հոգի ենք։ Սկզբում երեք համահիմնադիրներով էինք, հետո մեզ միացան մեր ծրագրավորող ընկերները։ Այդպես ընդհանուր միջավայրն ավելի ընկերական է։


Մարդկանց ընտրելիս միշտ ուշադրություն ենք դարձրել, որ մեր մշակույթին համապատասխանեն։ Կարծում եմ՝ շատ լավ մթնոլորտ է ձեւավորել, որտեղ մարդիկ անկեղծ են, կիսվում են իրենց մտքերով, կարող են համագործակցել ու կենտրոնանալ մեկ գաղափարի շուրջ։

Նունե Գրիգորյան
Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի