12:54 | 07.03.24 | Նորություններ | 1877
ԱՄՆ-ում Google-ի նախկին ինժեներին մեղադրել են արհեստական բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ առեւտրային գաղտնիքներ գողանալու եւ դրանք երկու չինական ընկերությունում օգտագործելու համար, որոնց համար նա գաղտնի է աշխատել:
Reuters-ի հաղորդմամբ՝ դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Դինգ Լինվեյը գողացել է տեղեկատվություն ապարատային ենթակառուցվածքի եւ ծրագրային ապահովման հարթակի մասին՝ տվյալների կենտրոններում ԱԲ մեծ մոդելներ պատրաստելու համար:
Դինգը Google-ում աշխատում է 2019 թվականից։ 2022 թվականին նա առաջարկ է ստացել դառնալ տեխնիկական տնօրեն չինական անանուն ընկերությունում, իսկ հետո, ըստ քննիչների, սկսել է տեղեկություններ գողանալ Google-ից։ 2023 թվականի մայիսին նա ներբեռնել է ավելի քան 500 գաղտնի ֆայլ։ Առաջարկից հետո Դինգը գրեթե վեց ամիս անցկացրել է Չինաստանում եւ նրան են պատկանում այդ ընկերության բաժնետոմսերի 20%-ը։
Նույն մայիսին Դինգը հիմնել է սեփական ընկերությունը եւ իր աշխատակիցներին վստահեցրել է, որ «Google-ի հզոր հաշվողական հարթակի հետ աշխատելու փորձ ունի ու պարզապես պետք է այն վերարտադրել եւ արդիականացնել»։
Հայտնի է, որ Google-ը աշխատակցին կասկածել է հնարավոր հանցագործության մեջ եւ խլել է կորպորատիվ տվյալների հասանելիությամբ աշխատանքային նոթբուքը Դինգի հրաժարական տալուց մեկ օր առաջ։ «Հետաքննությունից հետո մենք պարզեցինք, որ նա բազմաթիվ փաստաթղթեր է գողացել եւ արագորեն հարցը փոխանցել իրավապահներին»,- մեկնաբանել են ընկերությունում։
Դինգ Լինվեյին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ մինչեւ մեկ միլիոն դոլար տուգանք: