15:21 | 08.02.24 | Նորություններ | 1664
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Նախարարը ողջունել է հյուրերին, կարեւորել Nokia եւ Ucom ընկերությունների միջեւ համագործակցությունը՝ ցանցի արդիականացման եւ ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը եւ կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը:
Nokia ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում եւ մեկնարկը տալ այն նախագծի արդեն իրագործմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի որոշ խնդիրների լուծման եւ մրցակցային դաշտում մարտահրավերների հաղթահարման տեսակետից:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս ամենը շուրջ 1 տարվա հետեւողական աշխատանքի արդյունք է եւ լուրջ ձեռքբերում ընկերության համար:
Նշենք, որ Nokia եւ Ucom ընկերությունների միջեւ առաջիկայում համագործակցության պայմանագիր կստորագրվի:
Նախարարը հաջողություն է մաղթել ընկերություններին նոր մակարդակի գործընկերության ճանապարհին եւ շեշտել, որ այս համագործակցությունը դրական փոփոխություն կբերի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը: