16:45 | 31.01.24 | Նորություններ | 17873
Հայաստանում հավատարմագրված ավելի քան մեկ տասնյակ դիվանագետ եւ գործարար համայնքի շուրջ 50 ներկայացուցիչ ամենամյա բիզնես նախաճաշի ֆորմատով մասնակցել է Հայաստանի գործարար համայնքի խոշորագույն միջոցառումներից մեկին, քննարկել բիզնեսն ու մշակույթը, հնարավոր գործակցության ներուժը:
Միջոցառումը արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից` Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատների գործուն աջակցությամբ եւ մասնակցությամբ:
««Գալաքսի»-ի համար եվրոպական ուղղությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք ունենք 200-ից ավելի գործընկեր Եվրոպայից, եւ նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարեւոր են: Սա միայն նախաճաշ չէ, այլ կատարած աշխատանքին ստեղծագործ ու նորարար մոտեցումներ գտնելու ճանապարհ եւ համատեղ տեսլականի ձեւավորում: Սա մի հարթակ է, որտեղ մենք կարողանում ենք խոսել մարտահրավերների, սեփական հաջողությունների մասին եւ կապ հաստատել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, ով նաեւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է:
«Հայ գործարարները հանդիպում են իրենց արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին, եւ կարծում եմ՝ սա այս հանդիպման լավագույն կողմերից մեկն է: Ես անձամբ միջոցառումից հետո հանդիպումներ եմ ունենում հայ գործարարների հետ: Դեմ առ դեմ շփումներն ու քննարկումները անփոխարինելի նշանակություն ունեն հետագա համագործակցության համար»,- նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
Հանդիպմանը ներկա գտնվող Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Ucom-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մարզերում համընկնում է Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների մոտեցումներին:
«Խոստանում եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ucom-ը կգրավի բարձր գագաթներ, որովհետեւ հավատարիմ ենք մեր երկրին եւ մեր բաժանորդներին: Այժմ մենք առաջին տեղում ենք ֆիքսված կապի ոլորտում եւ առաջնային դիրքեր ենք զբաղեցնում հեռահաղորդակցության մյուս ոլորտներում: Այս ամենին հասել ենք նաեւ նրա շնորհիվ, որ սկսել ենք ընկերության մարզային ենթակառուցվածքները հզորացնել եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում օգնել մեր հայրենակիցներին»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարեւորելով նման նախաձեռնությունները` Եվրոպական բիզնես ասոցիացիա հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ այս ձեւաչափով բիզնես համայնքը կարող է հանդիպել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին եւ հաճախ կազմակերպում են պետական-մասնավոր երկխոսության հարթակներ, որտեղ հանդիպում են տարբեր սեկտորների ներկայացուցիչներն ու ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում:
«Նման ձեւաչափով հանդիպումները մեծ կարեւորություն ունեն, որովհետեւ, ըստ իս, հնարավորությունների պատուհան են բացում հայ գործարարների համար դեպի Եվրոպա: Վստահ եմ, որ այս հանդիպումների ընթացքում կձեւավորվեն նոր համագործակցություններ, որոնց մասին հաջորդ տարի հնարավորություն կունենանք հպարտությամբ խոսել»,-նշել է Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Միջոցառումը կազմակերպվել է «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» հաղորդակցական ընկերության կողմից, որը եվրոպական ցանցի անդամ որակավորված ընկերություն է: