16:13 | 29.01.24 | Նորություններ | 1775

Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են 14.4%-ով

Հայաստանի կապի երեք օպերատորներ Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 37.31 մլրդ դրամի հարկ, ինչը 14.4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 32.62 մլրդ դրամի հարկ):

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2023թ. չորրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 15.76 մլրդ դրամի հարկ, ինչը 1.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2023թ. չորրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 13-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 12.41 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 57.7%-ով, այն ընդհանուր հարկատուների ցանկում 26-րդից դարձրել է 19-րդը:

Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (26-րդ տեղ 20-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 9.14 մլրդ դրամ հարկ, ինչը 3.8%-ով ավելի է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (162-րդ տեղ՝ 149-ի փոխարեն, 1.87 մլրդ դրամ, աճ՝ 5.2 %):

Աննա Այվազյան