15:42 | 29.12.23 | Նորություններ | 2869

Թումոն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է, որ Թումոյի կրթական ցանցն այժմ ընդգրկում է ողջ Տավուշի մարզը։

Նորարարական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով ոչ միայն մարզի բոլոր՝ անգամ ամենահեռավոր եւ սահմանամերձ համայնքների, այլ նաեւ հարեւան մարզերի մի շարք բնակավայրերի պատանիների համար:

10 տարի առաջ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակությամբ հիմնադրված Թումո Դիլիջանով սկիզբ առած՝ տավուշցի պատանիներին 21-րդ դարի կրթությամբ ապահովելու ճանապարհը իր ավարտին է հասցվել Կողբի Թումո կենտրոնի գործարկմամբ: Այս գյուղում վերջերս դռները բացած Թումո կենտրոնը, որտեղ արդեն շուրջ 300 պատանիներ են սովորում, նախաձեռնվել է Կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ իրականություն դարձել Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների, JHM հիմնադրամի, Mission Enfance հումանիտար ասոցիացիայի, ինչպես նաեւ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զարուգյանի աջակցության շնորհիվ։

Տավուշի մարզում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնումը հատկանշական է մի շարք առումներով: Հենց այս մարզով է սկսվել Թումոյի մոդելը Հայաստանի ամենատարբեր անկյուններում ներդնելու ուղին. Թումո Դիլիջանը Երեւանից դուրս բացված առաջին կենտրոնն է եղել:

Ավելին, հենց Տավուշում է փորձարկվել եւ իր արդյունավետությունն ապացուցել Թումո տուփերը կենտրոններին կցելու միջոցով մարզային հանգույցներ ստեղծելու մոտեցումը: 2020 թվականին բացված առաջին Թումո տուփերի՝ Գավառի եւ Բերդի ուսանողներն առաջինն էին, որ ինքնուսուցման վարժանքներն անցնում էին սեփական համայնքում, իսկ դասընթացների եւ աշխատարանների համար մեկնում մոտակա՝ Դիլիջանի Թումո կենտրոն:

photo © Թումո


Տավուշը առաջին մարզն է, որտեղ դասավանդում են մարզերում որակյալ կրթության ապահովմանն ուղղված մեկ այլ նախագծի՝ Թումո Ակադեմիայի շրջանավարտները: Ակադեմիայի անվճար կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած եւ նոր մասնագիտություն ստացած ուսանողների առաջին խումբն արդեն միացել է Դիլիջանի եւ Կողբի Թումո կենտրոնների թիմերին:

«Տավուշի մարզի բոլոր Թումո կենտրոնների եւ տուփերի կառուցումը մեծ կարեւորություն ունի մեզ համար: Թումո Դիլիջանը մեր առաջին մարզային կենտրոնն է եղել, իսկ դրան կցված Թումո Բերդը՝ մեր առաջին Թումո տուփը: Ուրախ ենք, որ Տավուշում առաջին քայլերը արած Թումո Հայաստան ծրագրի կարեւորագույն հաջողություններից մեկը գրանցում ենք հենց այս մարզում», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Դիլիջանի եւ Կողբի Թումո կենտրոններից եւ դրանց կցված՝ Իջեւանի, Բերդի, Ազատամուտի, Արձվաբերդի, Սեւանի, Գավառի, Շնողի, Ճամբարակի, Օձունի եւ շուտով՝ Ծովագյուղի Թումո տուփերից բաղկացած միջմարզային ցանցի շնորհիվ ստեղծվել են ոչ միայն կրթական հնարավորություններ եւ տասնյակ աշխատատեղեր, այլեւ նաեւ սոցիալական եւ համագործակցային կապեր տարբեր մարզերի պատանիների միջեւ:

Տավուշը Թումոյի ցանցում ամբողջապես ընդգրկված երկրորդ մարզն է՝ Շիրակից հետո: Հաջորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի կլինի ամբողջապես` Սյունիքն է։ Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր առաքելությունը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոններից եւ 110 տուփերից բաղկացած ցանցի կառուցումն ավարտել 2026 թվականին: