«Ի՞նչ կլինի, եթե, երեւանյան Վերնսիաժում ներկայացված ապրանքներն օֆլայն հարթակից տեղափոխենք օնլայն». այս հարցով Երեւանում իր ելույթը սկսեց Avito ընկերության օգտատերերի նույնականացման պրոդուկտի ղեկավար Նատալյա Յումատովան։
2007թ.-ին Avito-ի հիմնադիրները նման գաղափար ունեցան, բազմաթիվ հայտարարություններ օֆլայնից տեղափոխեցին օնլայն՝ ստեղծելով հարթակ, որն այսօր արդեն աշխարհում խոշորագույնն է հայտարարությունների թվով։
180 մլն ակտիվ հայտարարություն, 10 գործարք վայրկյանում եւ ամսական 60 մլն օգտատեր։ Այսպիսի տեսք ունի Avito-ն հիմա՝ հիմնադրումից 16 տարի անց։
Armenian Code Academy (ACA)-ի հետ համատեղ Avito-ն Երեւանում Product Meetup է անցկացրել՝ առաջարկելով պրոդուկտի ղեկավարներին եւ դիզայներներին շփվել, փոխանակվել փորձով ու լավ ժամանակ անցկացնել։
Միջոցառման ընթացքում Նատալյա Յումատովան Itel.am-ի հետ կիսվել է հայտարարությունների խոշորագույն հարթակի աշխատանքի առանձնահատկություններով, պատմել Avito-ի փոխակերպումներ եւ համայնքի ձեւավորման կարեւորության մասին։
Օգնել հաճախորդներին պատմել իրենց մասին
Avito ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին։ Այն ժամանակ Ռուսաստանում արդեն կային կայքեր, որոնցում հնարավոր էր առցանց հայտարարություն տեղադրել։ Մոտավորապես 2010 թ.-ին, սակայն, մենք ռուսական շուկայում առաջատար դարձանք, իսկ Ռունետում՝ հինգերորդը՝ բովանդակության օգտատերերի ծավալով: Այսօր Avito-ն հայտարարությունների քանակով խոշորագույն կայքն է ամբողջ աշխարհում։
Նատալյա Յումատովան
photo © Մեդիամաքս
Ընկերությունում աշխատում է մոտ 7500 մարդ, որոնցից 150-ը՝ իմ թիմում։ Մեր հիմնական գործառույթն է ստեղծել անվտանգ միջավայր ու մշակել պրոդուկտներ, որոնք կօգնեն հաճախորդներին պատմել իրենց մասին։
Խարդախության ու «բարմալեյների» դեմ պայքարը
Երբ խոսում ենք հայտարարությունների հարթակի մասին, կարեւորագույն գործոններից մեկը բովանդակության որակն է։ Օգտատերերը ցանկանում են առնչվել միայն բարեխիղճ, բարեհամբույր վաճառողների հետ, որոնք չեն խաբի եւ պատրաստ կլինեն օգնել ցանկացած հարցով։ Avito-ն հսկայական ջանքեր է գործադրում, որ հարթակում ամեն ինչ լինի հենց այդպես։
photo © Մեդիամաքս
Մենք մեծ ներդրումներ ենք կատարում հեղինակության հաշվարկման գործընթացի մեջ։ Այդ նպատակով ներգրավում ենք ինչպես գաղտնի գնորդների, այնպես էլ՝ ստուգում բովանդակությունը արհեստական բանականության ալգորիթմների միջոցով։ Բացի այդ, աշխատում ենք լուծումների վրա, որոնք թույլ չեն տա անբարեխիղճ օգտատերերին հեշտությամբ շրջանցել մեր ստուգումները, ստեղծել երկրորդ, երրորդ հաշիվ, ծավալել խարդախ գործունեություն՝ վնաս պատճառելով մյուսներին։
Մարդկանց, որոնք անբարեխիղճ գործունեություն են ծավալում Avito-ում կամ նման այլ հարթակներում, մենք կատակով անվանում ենք «բարմալեյներ» (
չարագործներ, ժպտում է – հեղ.): Այդ «բարմալեյներն» ամեն օր կատարելագործվում են, տեխնոլոգիապես զարգանում։ Հաճախ նման մարդիկ համագործակցում են ոչ պակաս տաղանդավոր ինժեներների հետ, քան շատ առաջատար ՏՏ ընկերություններ։ Նրանք նախագծում են լուծումներ, որոնք օգտատերերի համար կարող են ճիշտ այնպիսի տեսք ունենալ, ինչպես Avito-ն, ստեղծում են կրկնօրինակ կայքեր։ Առհասարակ, այսօր օնլայն հարթակում օգտատերերին մոլորեցնելու բազմաթիվ հնարքներ կան։ Հենց այդ պատճառով խարդախության դեմ պայքարը պրոդուկտի հետ աշխատանքի կարեւորագույն մաս է։
Երբ Avito-ն դարձավ խոշորագույն հարթակ, միլիոնավոր պարկեշտ օգտատերերից բացի, մեզ միացան նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնց մտադրություններն «այնքան էլ մաքուր չէին»։ Այնուամենայնիվ, ընկերությունը ակտիվ պայքարում է բոլոր տեսակի «բարմալեյների» դեմ, եւ երեք տարվա ընթացքում հարթակում ապօրինի միջադեպերի թիվը նվազել է 65 անգամ։
photo © Մեդիամաքս
Հայտարարությունների առցանց հարթակից՝ առաջատար ՏՏ ընկերություն Գոյության 16 տարվա ընթացքում Avito-ն շատ է փոխվել։ Սկսելով որպես հայտարարությունների առցանց հարթակ՝ այսօր առաջատար ՏՏ ընկերություն ենք։ Գործարկումից հետո՝ 2007-2015 թթ. ընկերությունում լայնածավալ աճի փուլ էր: Սա տեղի էր ունենում մարքեթինգային արշավների, նոր կատեգորիաների մեկնարկի եւ վաճառքի բաժնի գործունեության շնորհիվ: Այս շրջանում Avito-ն մրցակցային առավելություններ ստացավ շուկայի մյուս խաղացողների հանդեպ։ Շուտով մենք գործարկեցինք նաեւ եզակի ավտոմատացված մոդերացիա:
photo © Մեդիամաքս
2015 թ.-ից Avito-ն առավել շատ կենտրոնացավ օգտատերերի վրա։ Մեզ համար շատ կարեւոր էր հաճախորդների փորձառությունը, պրոդուկտի հետ աշխատանքը։ Avito-ում գործարկվեցին պրոդուկտի հետ աշխատանքի ներքին գործընթացներ, երբ մենք այն «անցկացնում էինք» այսպես կոչված «gate»-երով՝ գաղափարից մինչեւ մասսայական ներկայացում լսարանին։ Հիմնվեց UX լաբորատորիան, որն առ այսօր օգնում է տարատեսակ հետազոտություններով։ Ունենք պրոդուկտների խմբագրական պրոֆեսիոնալ թիմ, որն ակտիվ աշխատում է տեքստերի հետ։ Avito-ում փոխակերպումը մշտական գործընթաց է: Այս ամենը տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ շուկայում հայտնվում են մրցակիցներ, եւ առաջատարի դիրքը պահպանելու համար պետք է անընդհատ աճել ու կատարելագործվել։
photo © Մեդիամաքս
Այս տարիների ընթացքում մենք կուտակել են փորձ, որով էլ ցանկանում ենք կիսվել Երեւանում։ Հուսանք՝ այն հետաքրքիր կլինի տեղի մասնագետների համար։
«Հայաստանում ցանկանում ենք ընկերներ գտնել»Avito ընկերությունը գիտի, որ Հայաստանում ակտիվ զարգանում է ՏՏ համայնքը։ Մենք ցանկանում ենք այստեղ գտնել մասնագետների, գուցե նույնիսկ՝ ընկերությունների, որոնց հետ կկարողանաք փոխանակվել փորձով, նման հանդիպումներ անցկացնել, պատմել մեր շուկաների ու պրոդուկտի հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Կարելի է ասել՝ այսօր Երեւանում ենք, որ ընկերներ գտնենք (
ժպտում է- հեղ.):
photo © Մեդիամաքս
Հայկական շուկայում գործում է Avito-ի նման հարթակ՝ List.am-ը: Կարող եմ ասել, որ մեր շուկաներն իրար նման են թե՛ խարդախությունների ակտիվության, թե՛ գործարքների փորձի առումով։
photo © Մեդիամաքս
Կարծում եմ՝ հարթակն առավել անվտանգ դարձնելու, հաճախորդի հետ աշխատանքի, պրոդուկտների եւ ծառայությունների մշակման մեր փորձը կարող է օգտակար լինել նաեւ հայկական շուկայի համար։ Մենք մեծապես կարեւորում ենք կապերն ու շփումները, որոնք կարող են հաստատվել Հայաստան կատարած այցի ընթացքում։
Յանա ՇախրամանյանԼուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի