16:52 | 20.11.23 | Հոդվածներ | 3046

PMI Science-ը 40 միլիոն դրամ կտրամադրի «Tech for Artsakh» նախաձեռնությանը

«Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում Armenian Code Academy-ն եւ PMI Science-ը կհամագործակցեն։

Նոյեմբերի 20-ին Armenian Code Academy-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը եւ Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական (R&D) կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է շուրջ 300 արցախցի երիտասարդի կրթաթոշակ տրամադրել ՏՏ ոլորտում մասնագիտական դասընթացների մասնակցելու համար:

Itel.am-ի հետ զրույցում Armenian Code Academy-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշեց, որ ACA-ը դեռեւս հոկտեմբերի սկզբին, կարեւորելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությունը, տրամադրել էր 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները, դրանով իսկ կոչ անելով ՏՏ ոլորտի կազմակերպություններին միանալ շարժմանը եւ համալրել կրթաթոշակային ֆոնդը։

 «Մենք PMI Science-ի հետ սկսում ենք համագործակցության նոր փուլ, որի շրջանակում կազմակերպությունը աջակցում է Արցախից բռնի տեղահանված մեր ուսանողներին։ Նրանք կկարողանան սովորել աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունները։ Դասընթացներն իրականացվում են 3 ուղղությամբ․ առաջինը` ծրագրավորումն է՝ JavaScript, Python լեզուները, որոնք ամենալայն հնարավորություններն են տալիս։ Երկրորդը՝ Տվյալների հետ աշխատանքն է՝ Տվյալագիտություն եւ Տվյալների վերլուծությունը։ Երրորդը՝ դիզայնի ուղղությունն է։

Նարեկ Ասլիկյանը Նարեկ Ասլիկյանը
photo © Մեդիամաքս / Էմին Արիստակեսյան


Մի քանի օրվա ընթացքում ստանաք 150-ից ավելի դիմում ու սկսեցինք ներգրավել մեր գործընկերներին, որպեսզի կարողանանք ապահովել մոտ 500 հոգու կրթաթոշակ։ Այս պահի դրությամբ արդեն 300-ից ավելի ուսանող կարող է ներգրավվել դասընթացներում։ Թիրախային լսարանը լայն է։ Տարիքային սահմանափակում չենք մտցնում»,- նշեց Նարեկ Ասլիկյանը։

Ֆիլիպ Մորրիսի PMI Science-ի գիտահետազոտական (R&D) կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը կարեւորեց Արցախից բռնի տեղահանվածներին միայն սոցիալական ուղիղ օգնություններ տրամադրելով չսահմանափակվելը եւ որպես ՏՏ ընկերություն ապագային միտված ծրագրերի իրագործումը։

«Մենք գիտության եւ կրթության շղթայի ամեն օղակում փորձում ենք մեր ներդրումն ունենալ՝ մասնագետների պատրաստումից մինչեւ իրենց գիտահետազոտական ու կրթական կառույցներում ներգրավում։ Ֆունդամենտալ խնդիրներից մեկը տաղանդներն են։ Շատ կարեւոր է արժեհամակարգի ձեւավորումը։

Վահե Դանիելյանը Վահե Դանիելյանը
photo © Մեդիամաքս / Էմին Արիստակեսյան


ACA-ի հետ համագործակցելու պատճառն ու գրավչությունն այն է, որ իրենք կարողանում են ամենաարդի բնագավառներում բավականին կոմպլեքս գիտելիքներ տրամադրել 3-6 ամսվա ընթացքում եւ երիտասարդների աշխատաշուկայում ներգրավվելու տոկոսը շատ բարձր է՝ մոտ 80%։

Այս փուլում Tech for Artsakh նախագծում մինչեւ տարեվերջ ներդնում ենք 40 միլիոն ՀՀ դրամ՝ միանալով այլ ՏՏ ընկերությունների ներդրումներին, որոնք նույնպես բավականին տպավորիչ են»,- ասաց Վահե Դանիելյանը։

Կազմված կրթական ծրագիրը գրավիչ է նաեւ իր գործնական հնարավորություններով, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կստանան այցելել ՏՏ ընկերություններ եւ տեղում ծանոթանալ աշխատանքային միջավայրին, իրենց ընտրած մասնագիտությունների առանձնահատկություններին։

Ծրագրին միացել են նաեւ այլ ընկերություններ, որոնց թվում են Yandex-ը, Easy Pay-ը, Krisp-ը, Armenian Educational Foundation-ը, SASTIC Community-ն եւ "LSARAN" cultural and educational Foundation-ը:

Ծրագրի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (41) 48 16 30 հեռախոսահամարով։