16:03 | 02.11.23 | Նորություններ | 10182

Yandex Go-ն աջակցում է Հայաստանի բարեգործական կազմակերպություններին

Yandex Go-ն նոյեմբերը հայտարարել է հայաստանյան բարեգործական կազմակերպություններին աջակցելու ամիս։

Հավելվածի ցանկացած օգտատեր կարող է միանալ այս նախաձեռնությանը։

Ակցիան տարածվում է Yandex Go-ի բոլոր ուղեւորափոխադրման սակագների վրա:

Yandex Go-ն կհաշվի ուրբաթ օրերին իրականացված ուղեւորությունները եւ յուրաքանչյուր 10 կմ-ի համար իր հաշվից 5 դրամ կհատկացնի բարեգործական կազմակերպություններին։

Հավաքված գումարը կփոխանցվի գործընկեր կազմակերպություններին՝ «Հայ մայրեր», «VIVA», «Ժպիտների քաղաք» եւ «Շտապիր դեպի բարին»։

Ակցիան կգործի ամբողջ ամիս, իսկ արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին:

«Արցախից տեղահանված անձանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում առկա խնդիրներից մեկը շարունակական եւ համակարգային օգնության տրամադրումն է հատկապես խոցելի խմբերին։ Բեռների, դեղորայքի արագ առաքումը, ինչպես նաեւ կամավորների օպերատիվ տեղաշարժը աջակցության արդյունավետության գրավականն է: Շնորհակալություն ենք հայտնում Yandex Go-ին բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար»,- ասել է VIVA հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։ Սակայն երեխաներ կան, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում տնից դուրս գալ եւ հասնել մեր կենտրոն։ Yandex Go-ի շնորհիվ նրանք կարողանում են չափազանց կարեւոր վերականգնողական բուժումը ստանալ տանը։ Մենք երախտագիտությամբ միացանք «Առատաձեռն նոյեմբեր» նախաձեռնությանը։ Այս արշավը հույս եւ աջակցություն է բերում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր կիլոմետրը երեխայի կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն է»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ծառայությունն օգնում է անվճար ուղեւորություններ կազմակերպել Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների սաների համար: Իսկ առողջական խնդիրներ ունեցող օգտատերերը կարող են Yandex Go-ում նշել այն տարբերակները, որոնք կարեւոր են մեքենա պատվիրելիս ու երթեւեկելիս։ Այդ նշումները տեսանելի են հատուկ հնարավորությունների առանձին էկրանին: 2023 թվականի հունիսից հատուկ հնարավորությունների վերաբերյալ նշումներով ավելի քան 10 000 ուղեւորություն է իրականացվել: